39-ամյա Ալիկը այգեպան-պահակի վստահելի օգնականն է, հեռախոսի կամ որեւէ տեխնիկայի անսարքության դեպքում էլ նրան են դիմում: Արդեն 22 տարի ամեն առավոտ Ալիկը հաճախում է «Փրկություն» ՀԿ-ի մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների եւ երիտասարդների ցերեկային խնամքի եւ սոցիալ-վերականգնողական կենտրոն, առաջին շահառուներից է:
ՄՈՒԿ՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ երիտասարդը հիմնականում ժեստերի լեզվով է խոսում, դպրոց չի հաճախել, «Փրկություն» ՀԿ-ի ցերեկային կենտրոնն է եղել նրա միակ կրթօջախը:
«Ձեռքից ամեն ինչ գալիս է»,- ասում է տնօրեն Արփինե Աբրահամյանը: Նկարչության խմբավար Անուշ Եղիազարյանն էլ հավելում է. «Խոր ներաշխարհ ունի: Երբ հարցնում եմ՝ ով ինչ է նկարելու, բոլորը պատասխանում են՝ բացի Ալիկից, ու վերջում մի գլուխգործոց է ցույց տալիս»: Կավագործության խմբավար Վարդուհի Մկրտչյանն էլ շարունակում է. Դիմակների շարք ունի, ասում է՝ այս կերպ նա մարդկային տեսակն է տարանջատում: Ալիկը նաեւ գեղեցիկ քանդակներ է պատրաստում, որոնք հայտնվում են ցուցահանդեսներում՝ զարմացնելով շատերին:
1999 թվականին «Փրկություն» ՀԿ-ն առաջինն էր, որ սկսեց զբաղվել մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների ու երիտասարդների հիմնախնդիրներով: Այսօր կենտրոն են հաճախում շուրջ 65 երիտասարդ ու պատանի. 25-ը՝ աղջիկ, 40-ը՝ տղա: Նրանցից շատերը հատել են 35-ի շեմը, բայց դեռեւս այստեղ են, մի պարզ պատճառով. գնալու տեղ չունեն, քանի որ նրանց համար չկա բարենպաստ միջավայր:
Շահառուների հետ աշխատում են հատուկ մանկավարժը, էրգոթերապիստը, հոգեբանը, լոգոպեդը, սոցիալական աշխատողը, խմբի դաստիարակներն ու խմբավարները զարգացնում նրանց ճանաչողական ոլորտը, մտածողությունն ու տրամաբանությունը, սովորեցնում առօրյա ամենապարզ գործողություններն անել առանց որեւէ մեկի օգնության:
Այստեղ իրականացվում է նաեւ տարրուսուցում, քանի որ ոչ բոլորն են դպրոց հաճախել կամ ամբողջությամբ յուրացրել նվազագույն գիտելիքները: Շահառուները խնամում եւ բարեկարգում են իրենց բակի ծաղիկներն ու այգին, այգու բերքն ու բարիքն անձամբ են հավաքում:
Կենտրոնում 2005 թվականից գործում է Ջորջ Կրտսեր Աբելյանի անվան բարեգործական ատամնաբուժարանը, որը հովանավորում է ամերիկահայ բարերար Ջորջ Աբելյանը: Այն անվճար սպասարկում է շահառուներին եւ նրանց ընտանիքներին:
Հասարակության վերաբերմունքն ու սոցիալական ինտեգրումը
Դպրոցն ավարտելուց հետո մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները զբաղվածություն չունենալու պատճառով հաճախ մնում են տանը միայնակ՝ չորս պատերի մեջ, քանի որ ծնողները ստիպված են լինում աշխատել, հոգալ ընտանիքի խնդիրները:
«Վերջերս մի երիտասարդի ընդունեցինք՝ 29 տարեկան. դուռը փակում էին վրան ու գնում աշխատանքի,- պատմում է տնօրենը,- շատ դեպքերում էլ երիտասարդները հայտնվում են փողոցում, երկու պարագայում էլ հոգեբանական խնդիրներն ավելի են խորանում: Մարդիկ էլ, օգտվելով նրանց անմեղսունակությունից, հրահրում են հակահասարակական արարքների»: Տնօրենն օրինակ է բերում, որ տարիներ առաջ իրենց շահառուներից մեկին թխվածքաբլիթի դիմաց ուղարկել էին փող մուրալու: Այս ամենից խուսափելու համար առաջին հերթին երիտասարդն ինքնուրույն պետք է լինի, կարողանա որոշում կայացնել, «ոչ» ասել սովորի:
«Ծնողը գիտի, իր երեխան կենտրոնում գտնվում է ապահով միջավայրում , խնամված է, յուրային է յուրայինների մեջ, վատ վերաբերմունքի չի արժանանա,- ասում է Արփինե Աբրահամյանը:- Մտավոր խնդրով երեխայի ինտեգրումը դեպի հասարակություն սկսվում է սեփական ընտանիքից։ Ինչպիսին սեփական ընտանիքը երեխային ներկայացնի, այնպիսին էլ նա ընկալվում է: Եթե մայրը երեխայի հետ հյուր է գնում ու մյուսներին չի թողնում նրա հետ շփվել, նրանից, բնականաբար, հեռու կմնան, բայց եթե ասի՝ նա էլ ձեզնից մեկն է, պարզապես կարող է զվարճալի բաներ անել, վերաբերմունքն այլ կլինի»:
Երբ ցուցահանդես-վաճառքներից շահառուները ստանում են որոշակի գումար պատրաստած աշխատանքի համար, դրանից ոգեւորվելով ավելի լավ աշխատանքներ են պատրաստում, իսկ ծնողները հասկանում են, որ իրենց երեխաները բեռ չեն եւ կարող են օգուտ բերել, երեխան էլ իրեն գնահատված է զգում:
«Այս մարդիկ կարիք ունեն միայն ջերմության ու սիրո, այլ բան պետք չէ: Կարող ես կես կոնֆետը սիրով հյուրասիրել, նա կվերցնի, բայց եթե ամբողջականը կոպիտ ձեւով առաջարկես, կհրաժարվի: Ամենակարեւորը, որ կենտրոնի շնորհիվ երիտասարդները մնում են իրենց ընտանիքում, մոր կողքին»,- ասում է տնօրենը:
Շահառուները մշակութային ներառման նպատակով այցելում են թանգարաններ, պատմամշակութային վայրեր, թատրոններ, ներկայացումներ են դիտում, բեմադրում սեփականը: «Մենք այդպիսով իրականացնում ենք նաեւ կենդանի քարոզարշավ. երեխան հայտնվում է հասարակության մեջ, եւ մարդիկ տեսնում են, որ նրանից որեւէ վտանգ չկա: Եթե ֆիզիկական հաշմանդամների հարցում առաջընթաց կա, նրանք կարողանում են ե՛ւ բուհերում սովորել, ե՛ւ աշխատել, ապա մտավոր խնդիրներ ունեցողների հարցում շարժը քիչ է: Գործ գտնելն այս պարագայում ամենաբարդն է. երբ գործատուն կարդում է հոգեբուժական ԲՍՓՀ-ի (բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի) եզրակացությունը, արդեն իսկ պատնեշ է առաջանում, չեն ուզում լսել եւ հասկանալ, թե ինչ աշխատանքային հնարավորություններ ունի մտավոր խնդրով անձը: Իսկ մեր երիտասարդները կարող են լավ եւ պատասխանատու աշխատող լինել»,- վստահեցնում է տիկին Արփինեն:
Ի դեպ, երկու շահառուներ աշխատանք են գտել: Կենտրոնը միշտ կապի մեջ է զբաղվածության կենտրոնների հետ, թարմացնում է տվյալները, բայց հազվադեպ են արձագանքում:
Կենտրոնը ֆինանսական խնդիրներ ունի
Կայուն ֆինանսավորում չունեն, այս պահին աջակցություն են ստանում «ՍՕԱՐ», «ԱՄՔՈՐ» եւ «Վարդանանց ասպետներ» կազմակերպություններից: Կենտրոնի 25 աշխատակցի աշխատավարձը եւ կոմունալ ծախսերի մի մասը համաֆինանսավորման կարգով վճարում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Այս տարի կառավարությունը կենտրոնի բյուջեն 3 մլն դրամով կրճատել է, նախկին 33,6 մլն դրամի փոխարեն հատկացվել է 30,8 մլն դրամ, ինչի հետեւանքով նվազել է կոմունալ ծախսերին եւ տրանսպորտի վառելիքին հատկացվող գումարը:
Կենտրոնը նորոգման կարիք ունի։ 2018 թվականին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է այցելել՝ պատրաստակամություն հայտնելով նորոգել, բայց քաղաքապետարանը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե նոր տարածք է տրամադրվելու: 1999 թվականից Շենգավիթ համայնքի թաղապետարանը, իսկ 2012 թվականից Երեւանի քաղաքապետարանը ծրագրերն իրականացնելու համար թիվ 146 մանկապարտեզի տարածքում «Փրկություն» ՀԿ-ին անհատույց հատկացրել են 900 քմ տարածք, որտեղ էլ մինչ օրս գործում է կենտրոնը:
Տնօրենը, աշխատակիցներն ու ծնողները տեղափոխությանը կտրականապես դեմ են: «Շահառուներն ամեն գործողություն անում են հիմնականում բնազդով, մտնում են շենք, գիտեն որ կողմ բարձրանալ, որտեղ են սենյակները, նորից ադապտացիոն այդ շրջանն անցնելը բավական բարդ է: Բացի այդ Գ.Նժդեհի հրապարակը համարվում է տրանսպորտային հանգույց ճիշտ կողմնորոշվելու համար: Երեխան ինքնուրույն, ոտքով կամ տրանսպորտով հասնում է տուն, չի շեղվում ճանապարհից։ Այս ամենին նորից վերադառնալը նշանակում է կորցնել այն հնարավորությունը եւ ժամանակը, որը կնպաստեր նոր հմտություններ ձեռքբերելուն»: ՄԻՊ-ի, պետական պաշտոնյաների այցից հետո տեղափոխության միտքը, կարծես, մոռացվել է:
«Մի սկզբունքով է պետք ապրել. իրենք էլ մեզ հավասար մարդիկ են, մեզնից ոչնչով պակաս չեն, նույնիսկ ավելին են իրենց մարդասիրությամբ ու հոգատարությամբ»,- ասում է տիկին Արփինեն ու ցույց տալիս ձեռք ձեռքի բռնած երիտասարդներին, որ միմյանց օգնում են ավտոբուս բարձրանալ: «Եթե մեր հասարակության մեջ մարդիկ գիտակցեն, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, ֆինանսական միջոցներից եւ սոցիալական դիրքից՝ իրենց ընտանիքում էլ կարող է հայտնվել մտավոր խնդրով անձ, գուցե վերաբերմունքը փոխվի»:
Ծնողները հաճախ են կրկնում՝ «Փրկությունը» մեր ընտանիքների համար իսկական փրկություն է։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։