Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը, Վաշինգտոնում գործող Արդարության եւ մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ համագործակցությամբ, եւս 7 հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով ժամանակավոր միջոց կիրառել հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։
Հիշյալ կենտրոնների՝ ժամանակավոր միջոց կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքելը եւ ՄԻԵԴ-ին դիմելը առաջին քայլն է Ադրբեջանին ստիպելու համար որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաեւ հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։
Երեւանում եւ Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ 100 հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս էլ երկու կենտրոնները հնարավորություն ունեցան տեղեկություններ հավաքելու Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։
Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ 100 հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։