Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը, անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ պրոֆեսիոնալ բանակի անցնելուն ուղղված բարեփոխումների մասին հայտարարությանը, նշել է, որ 100 տոկոսանոց պրոֆեսիոնալ բանակի անցնելու համար Հայաստանը ո՛չ մարդկային, ո՛չ էլ ֆինանսական ռեսուրս չունի։
Ինչ վերաբերում է պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետների կրճատման մտադրության մասին ԱԽՔ-ի հայտարարությանը, Հարությունովն ասել է, որ դա կասկածի տակ է դնում սեփական զինված ուժերն ուժեղացնելու դրույթը։
Ըստ ռազմական մեկնաբանի՝ եթե այսօրվա իշխանությունները որոշեն պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել, դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ, քանի որ ժամանակակից զինտեխնիկան ավելի բարդ է, եւ դրան տիրապետելու համար ավելի երկար ժամանակ է պետք։
Մեկնաբանը նշել է, թե գուցե իշխանությունները քննարկում են պայմանագրային եւ զորակոչային բաղկացուցիչը համադրելու տարբերակը՝ հավելելով, որ հուսով է՝ իշխանությունները մոտ ժամանակներս ավելի հստակ տեղեկություն կտրամադրեն։