Գյոթինգենի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Գերմանիայում գործող «Կրոնական հարցերի թուրք-իսլամական միության» (DİTİB) նախկին ղեկավարներից մեկին՝ Մուստաֆա Քեսքինին, «թշնամանք եւ քինախնդրություն հրահրելու» մեղադրանք է առաջադրվել։
Թուրք գործչի դեմ հետաքննություն էր սկսվել սոցցանցերում հրեաների եւ հայերի դեմ ուղղված վիրավորական գրառումներ կատարելու պատճառով, եւ 2021-ի փետրվարին DİTİB-ի նախագահը հրաժարական էր տվել։
Տեղի վարչական դատարանը Քեսքինի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմել 2015-ի մայիսից մինչ օրս Facebook-ում եւ WhatsApp-ում արված հինգ տարբեր հրապարակումների առթիվ։
Դրանցից մեկում Քեսքինը հրապարակել է 1981-ին Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի դեմ մահափորձ կատարած Մեհմեդ Ալի Աղջայի եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի նկարները՝ գրելով․ «Զարմանալի չի լինի, եթե որեւէ մեկը կրակի Պապի գլխին»։
Հրապարակումն արվել է նույն ժամանակ, երբ Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։