ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 1-ից Հայաստանում «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց շրջանում:
Նախկինում «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան եւ բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների եւ աշխատակիցների համար:
Այսպիսով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կիրառվող բոլոր երեք՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» եւ «Կորոնավակ» պատվաստանյութերով կարող են պատվաստվել 18 եւ բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Այս պահին Հայաստանում պատվաստվել է մոտ 80 000 քաղաքացի: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ, ըստ ԵՄ չափանիշների, Հայաստանը «կանաչ» գոտում է, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեպքերի աճ կա, եւ կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 126-ով եւ դարձել 225 221:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2722 մարդ: Մեկ օրում կատարվել է 3920 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 188 922-ի: Առողջացել է վարակվածներից 216 882-ը: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 4517 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով եւ դարձել 1100։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020-ի սեպտեմբերի 11-ից մինչեւ 2021-ի հունվարի 11-ը սահմանված կարանտինը ՀՀ Կառավարության հունվարի 11-ի որոշմամբ երկարաձգվել է մինչեւ հուլիսի 11-ը։