Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված խնդրի լուծման համար անհրաժեշտ են բանակցություններ: Ըստ նրա՝ ամեն կերպ պետք է խուսափել չմտածված քայլերից եւ չտրվել սադրանքի, քանի որ դա ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի:
«Եթե Ադրբեջանը պահանջի, ռուս խաղաղապահները 5 տարի անց կհեռանա՞ն» հարցին ի պատասխան՝ Սկակովն ասել է, որ Ադրբեջանն ինչ ասես կարող է պահանջել, բայց Ռուսաստանն իր լծակներն ունի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
«Եթե այդ լծակները չլինեին, Ադրբեջանը չէր համաձայնի ռուսաստանյան խաղաղապահների տեղակայմանը նշված շրջանում: Նշանակում է՝ լծակներ, ըստ երեւույթին, կան»,- ընդգծել է քաղաքագետը:
Եթե եկել են, ուրեմն մնալու են
Ըստ փորձագետի՝ ռուսական զինված ուժերն Արցախի հայության գոյատեւման երաշխավորն են, եւ ռուս խաղաղապահները 5 տարի անց այնտեղից չեն հեռանալու: Նրանք շատ ավելի երկար ժամանակով են եկել այնտեղ մնալու: Նա նկատել է, որ չի հիշում այնպիսի դեպք, որ որեւէ երկիր մտած զորքերը դուրս բերվեն:
«Եվ եթե նայենք այլ երկրների փորձին, ապա ես չեմ հիշում այդպիսի դեպք, որ այս կամ այն երկիր մտած զորքերը դուրս բերվեն: Դա վերաբերում է թե՛ Սիրիային, թե՛ Իրաքին, թե՛ Աֆղանստանին: Արդեն քանի՞ տարի է՝ ամերիկացիները դուրս են գալիս Աֆղանստանից: Քանի՞ տարի է՝ հեռանում են Իրաքից: Ինչքան հեռանում են, միեւնույնն է, այնտեղ են: Սա շատ սովորական գործելակերպ է: Եթե եկել են, ուրեմն մնալու են»,- շեշտել է Ալեքսանդր Սկակովը:
Մինսկի խումբը պատերազմը չկանխեց
Սկակովը Արցախի հարցի շուրջ բանակցությունների ձեւաչափի մասին ասել է, որ Մինսկի խմբի ձեւաչափն արդեն ավելի շատ պատմություն է, քան ժամանակակից իրողություն: Մինսկի խումբը ոչինչ չարեց վերջին պատերազմը կանխելու եւ կասեցնելու համար: Դա ամբողջությամբ ցույց տվեց այս կառույցի էությունը:
Ռուս քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանը շատ հարմար պահ ընտրեց վաղուց պատրաստված ռազմական գործողություններ սկսելու համար: Ամերիկան շատ խառը վիճակում էր, Ֆրանսիան էլ զբաղված էր իր խնդիրներով, եւ միայն Ռուսաստանը միջամտեց:
Ռուսաստանի դիրքերը եւս ուժեղացել են
Սկակովն ընդունել է, որ Թուրքիան ավելի ազդեցիկ է դարձել տարածաշրջանում, սակայն հավելել է, որ Ռուսաստանի դիրքերը նույնպես ուժեղացել են: Ռուսաստանը նախկինում զինված ուժեր չի ունեցել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների տարածքում: Այժմ այնտեղ կան ռուսական զորքեր:
Պատասխանելով «Թուրքիայի դիրքերի ուժեղացումը ռուս-թուրքական հակամարտությա՞ն, թե՞ համագործակցության հետեւանք է» հարցին՝ Սկակովն ասել է, որ կան եւ՛ առաջինի, եւ՛ երկրորդի տարրերը: Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն անչափ բազմաշերտ են:
«Թուրքիան անկասկած շատ կարեւոր երկիր է տարածաշրջանում, եւ Թուրքիայի դիրքերն ամրապնդվում են ոչ միայն այստեղ, այլեւ տարածաշրջանի այլ հատվածներում»,- նշել է նա:
Դասեր չեն քաղել
«Եթե «հարց լուծողը», միեւնույնն է, Ռուսաստանն էր, ինչո՞ւ դա մինչ այս դեպքերը հաշվի չէին առնում» հարցին ի պատասխան քաղաքագետն ասել է, որ հարցը պետք է ուղղել թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններին, որոնք զբաղվում էին Հայաստանի արտաքին քաղաքականությամբ եւ անվտանգության հարցերով:
«Ըստ երեւույթին անհրաժեշտ դասեր չեն քաղել մինչ այդ Լեռնային Ղարաբաղի գոտում տեղի ունեցած դեպքերից»,- ասել է նա:
Սկակովը նշել է, որ 10 տարի առաջ իր հայ գործընկերներից շատերը համոզում էին, որ Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի, նա նման ռիսկի չի գնա եւ այլն:
«2016-ի ապրիլին ակնհայտ էր, որ Թուրքիան է հրահրել, եւ դա համընկավ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների սրացման հետ: Այնպես որ դա էլ պատահական չէր»,- նշել է քաղաքագետը:
Երբեք չեն ապրի Ադրբեջանի կազմում
«Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված կլիներ այն դեպքում, եթե ԼՂ տարածքը ադրբեջանական զինված ուժերի կողմից ամբողջությամբ բռնազավթված լիներ, եւ Ստեփանակերտի գլխին, որն այդ դեպքում կկոչվեր արդեն «Խանքենդի», կծածանվեր Ադրբեջանական Հանրապետության դրոշը»,- շեշտել է Ալեքսանդր Սկակովը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել միայն հայկական, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը երբեք չի ապրի Ադրբեջանի կազմում: Դա միանգամայն պարզ է ու ակնհայտ: Ուստի Ղարաբաղը կա՛մ կլինի հայկական, կա՛մ ընդհանրապես չի լինի:
Շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ
Հավելենք, որ «Ուղիղ կապ» ձեւաչափով ռուսաստանցիների հարցերին պատասխանելիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել եւս Լեռնային Ղարաբաղի բնակիչները, չնայած տասնամյակների ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերին, շահագրգռված չեն այդ հակամարտության շարունակմամբ: Տարածաշրջանում բոլորը խաղաղության են ձգտում: