Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում եւ կամրապնդի համագործակցությունը տարածաշրջանի իր գործընկերների հետ:
Ըստ վրացական Առաջին ալիքի, մեկնաբանելով Սեւ ծովում բրիտանական Defender Էսկադրային ականակրի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, Ապատուրայը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը դաշինքին տեղեկություն է տրամադրել միջադեպի վերաբերյալ, եւ ՆԱՏՕ-ին պարզ է՝ ինչ է տեղի ունեցել:
ՆԱՏՕ-ի կոշտ դիրքորոշումը
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի, երբ գործը վերաբերում է նավագնացության ազատությանը եւ այն փաստին, որ Ղրիմն Ուկրաինա է, ոչ թե Ռուսաստան:
«Այդ միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռականություն են դրսեւորել իմ կողմից թվարկված սկզբունքների պաշտպանության հարցում»,- ասել է նա:
Ապատուրայն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է գիտակցի, որ այդ հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն նահանջի: «Ինչպես գիտեմ, Defender-ը հետո ժամանել է Վրաստան: Այնպես որ, դաշնակիցների այդ համատեղ պարտավորությունը կապահովի Սեւ ծովի անվտանգությունը եւ նվիրվածությունն այդ սկզբունքներին, ինչը կարեւոր է տարածաշրջանի համար»,- նշել է պաշտոնյան:
Ապատուրայը Ռուսաստանին մեղադրել է, որ վերջինս շարունակում է տարածաշրջանի ապակայունացումը, սպառազինություն, հրթիռային համակարգեր է տեղաբաշխում Ղրիմում՝ բարդացնելով նավագնացության ազատությունը:
Աջակցություն ցուցաբերելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում՝ դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար: Ապատուրայը հայտնել է նաեւ, որ Վրաստանում մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության խորացումը՝ Սեւ ծովի անվտանգության առումով:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության՝ Բրյուսելում Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին մասնակցած պաշտպանության նախարար Ջուանշեր Բուչուլաձեն ընդգծել է Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը Սևծովյան տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում:
Նախարարը ողջունել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի ընդունած հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ երրորդ երկրները չեն կարողանա միջամտել հանրապետության ու ռազմաքաղաքական բլոկի հարաբերություններին:
Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ականների վերջերից: 2002-ի նոյեմբերին նախագահ Էդուարդ Շևարնաձեն առաջին անգամ հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ: