Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ` 4, ձեռնպահ` 2։
Խորհրդարանի երեկվա նիստում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է. «Բյուջետային գործընթացը համարվում է ավարտված այն պահին, երբ ԱԺ–ն իր վերաբերմունքն է արտահայտում բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ»։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 118–րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվության մասին որոշման ընդունման դեպքում հաշվետվությունը համարվում է հաստատված, իսկ չընդունման դեպքում՝ մերժված:
Անկախ Հայաստանի 30-ամյա պատմության մեջ երբեւէ չի եղել, որ խորհրդարանը բյուջեի կատարողականը չհաստատի։
2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը Կառավարությունը հաստատել էր դեռ ապրիլի 22-ին։ Հունիսի 1-ից այն քննարկման դրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներում, իսկ հունիսի 15-ին ներառվեց ԱԺ հերթական նիստերի օրակարգում։