Այսօր Վատիկանում տեղի է ունենում երկար սպասված հանդիպում. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Լիբանանի քրիստոնյա հոգեւոր պետերը հանդիպում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ՝ քննարկելու Լիբանանի ծանր կացությունն ու Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դիմագրաված մարտահրավերները:
«Ալիք Մեդիա»-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից տեղեկացավ, որ ամիսներ առաջ Արամ Ա Վեհափառը Վատիկանում նման հանդիպում կազմակերպելու համար նամակ էր հղել Հռոմի պապին, վերջինս ընդառաջել էր հայ բարձրաստիճան կրոնավորին՝ նկատի ունենալով նամակում նշված հրատապ խնդիրները:
Անցնող ամիսներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր նստավայրում շարունակաբար հանդիպել էր Լիբանանի քրիստոնեական համայնքների հոգեւոր պետերին՝ պատրաստվելու այս հանդիպմանը հույսով, որ Վատիկանի հովանու ներքո երկրում ստեղծված իրավիճակից ելք կգտնվի:
Արամ Ա-ի հետ Վատիկան է մեկնել Լիբանանի ամենամեծ քրիստոնեական համայնքի՝ Անտիոքի մարոնիների առաջնորդը՝ կարդինալ Բշարա Ռայի պատրիարքը, որն արաբական աշխարհում կարեւոր դեմք է համարվում: Հանդիպմանը մասնակցում են նաեւ Լիբանանի 11 քրիստոնյա կրոնական համայնքներից այլ առաջնորդներ եւ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Լիբանանում պետականորեն գործող 17 կրոնական համայնքներից 5-ը մուսուլմանական է, 1-ը՝ հրեական, մնացածը՝ քրիստոնեական: Բացի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ երկրի քրիստոնյաների մաս են կազմում նաեւ ավետարանականները (հայ եւ արաբ), հայ կաթոլիկները, հույն ուղղափառները, հույն կաթոլիկները, ասորի ուղղափառները, քաղդեացիները, լատինները, մարոնիները եւ այլ հնագույն համայնքներ:
Նրանց բոլորին հուզում է քրիստոնեական համայնքների նոսրացումը պատմականորեն քրիստոնեական ավանդույթներ ունեցող Լիբանանում, ինչպես նաեւ Լիբանանի կառավարական ճգնաժամը, ինչն առաջ է բերել տնտեսական, սոցիալական աննախադեպ վիճակ:
«Վատիկանյան լուրեր»-ից տեղեկանում ենք, որ Հռոմի պապի հետ այս հարցերի քննարկումից հետո երեկոյան Սուրբ Պետրոսի տաճարում տեղի է ունենալու խաղաղության համար համամիութենական աղոթք, Հռոմի պապը հանդես է գալու խոսքով: Աղոթքի ընթացքում հնչելու են արաբերեն, ասորերեն, քաղդեերեն եւ հայերեն աղոթքներ: Հուլիսմեկյան այս օրը Վատիկանում կոչել են Աղոթքի օր՝ Լիբանանի համար: Առավոտվանից Սուրբ Պետրոսի բակում են հավաքվել լիբանանցիներ ու բազմաթիվ այլ քրիստոնյաներ: Հանդիպումն ուղիղ եթերում հեռարձակում են վատիկանյան, արաբական եւ այլ լրատվամիջոցներ:
Վատիկանյան ու արաբական լրատվամիջոցները մեծ տեղ են հատկացրել ամիսներ շարունակ պատրաստվող այս հանդիպմանը՝ նշելով, որ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ճակատագրին նվիրված այս ձեւաչափով քննարկումը նախաձեռնել է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: Հանդիպման գաղափարը ողջունել են Լիբանանի քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ու ակադեմիական դեմքեր, ինչպես նաեւ մուսուլմանական առաջնորդներ: Լիբանանցիները հույս ունեն, որ այս հանդիպումը կնպաստի երկրում կառավարության ձեւավորմանը, ինչը ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը կլինի:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։