Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Լատվիայի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ «ՀՀ եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությունները:
Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման եւ անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլեւս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին, եւ դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը:
Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր` կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:
Լեհաստանից 2014-2019 թվականներին ստացվել է ռեադմիսիոն 91 հայց 130 անձանց վերաբերյալ։ Լատվիայից դեռեւս ռեադմիսիոն հայցեր չեն ստացվել։
Հայաստանը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ:
Վերջին տարիներին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի շրջանակում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ է նկատվում:
Այսպես՝ 2012-2017-ին ստացվել են ռեադմիսիոն 1446 հայց 2812 անձանց մասին, 2018-ին՝ 1030 հայց 2045 անձանց մասին, իսկ 2019-ի հունվար-նոյեմբերին՝ 803 հայց 1647 անձանց մասին։