TikTok սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ 2021-ի առաջին քառորդում փակել է ավելի 7 միլիոն օգտահաշիվներ, որոնք ենթադրաբար պատկանել են մինչեւ 13 տարեկան երեխաների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում TikTok-ի ամենօրյա օգտատերերի մեկ երրորդը մինչեւ 14 տարեկան երեխաներ են:
150 երկրի ավելի քան 1 միլիարդ օգտատեր ունեցող չինական TikTok (հին անվանումը՝ musical.ly) հավելվածի օգտատերերի 60%-ը մոտավոր հաշվարկներով 25-44 տարեկան է, Չինաստանից դուրս օգտատերերի 43%-ը՝ 24 տարեկանից բարձր։
Պեկինյան ByteDance ընկերությանը պատկանող TikTok֊ը թույլ է տալիս ստեղծել կարճ երաժշտական տեսահոլովակներ, ուղիղ եթերներ, նաեւ հաղորդագրություններ փոխանակել։
Google ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունն իր հերթին հայտարարել է, որ փոխելու է համացանցում տեղեկություն որոնելու սկզբունքները։ Ընկերությունը որոնման ալգորիթմում ներդնում է նոր «բազմախնդիր միասնական մոդելի» (MUM) տեխնոլոգիա, որը կտրամադրի ավելի շատ աղբյուրների վրա հիմնված առավել ճշգրիտ տվյալներ: Նոր տեխնոլոգիան կարող է միաժամանակ վերլուծել տեքստը, տեսանյութն ու ձայնը:
Google-ի որոնման նոր համակարգը առավել մանրամասն կպատասխանի ցանկացած հարցի՝ համեմատելով բոլոր տվյալները:
MUM-ի կիրառմամբ Google-ը կտա ոչ թե պատահական հղումներ, այլ վստահելի աղբյուրներից ստացված տվյալներ:
Ընկերությունը հավաստիացնում է, որ որեւէ տեղեկություն չի պարտադրելու, եւ MUM-ը չի դառնալու գրաքննության գործիք: Նոր որոնման տեխնոլոգիան պատրաստ կլինի մի քանի տարի անց: