Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը հայտնել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի պարտավորությունների շրջանակում Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի Աֆղանստանի տարածքից ահաբեկչական սպառնալիքների ուժեղանալու դեպքում՝ այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:
Դուշանբեում այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական ասամբլեայի խորհրդի նիստից առաջ Շամանովն ասել է, որ Աֆղանստանի իրադրությունը կքննարկվի ՀԱՊԿ-ի Խորհրդարանական ասամբլեայի խորհրդի նիստում:
«Երեկ եւ այսօր զրուցել ենք մեր գործընկերների հետ: Այսօրվա դրությամբ Տաջիկստանի ղեկավարությունը խիստ անհանգստություն չի հայտնել»,- նշել է ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյան:
Շամանովն ընդգծել է, որ ՌԴ նախագահը եւ պաշտպանության նախարարը նշել են Տաջիկստանի 201-րդ ռազմաբազան անհրաժեշտ միջոցներով կահավորելու մասին՝ հավելելով, որ իր տեղեկություններով ռուսաստանյան սահմանապահներն այժմ ձեռնարկում են կազմակերպչական բնույթի մի շարք միջոցառումներ: