Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է շիրակցի եւս 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրգործով դատական հերթական նիստը՝ դատավոր Ազատ Մեջիդովի նախագահությամբ։
Ադրբեջանական Trend գործակալությունը հրապարակել է 13 հայ ռազմագերիների անունները. Ռաֆիկ Կարապետյան, Գուրգեն Գալոյան, Հրայր Թադեւոսյան, Վաղարշակ Մալոյան, Սասուն Եղիազարյան, Արսեն Վարդանյան, Վահագն Բաղրիկյան, Սեդրակ Սողոմոնյան, Արմեն Դիլանյան, Մանուկ Մարտոնյան, Մելս Անբարտանյան, Անդրանիկ Միքայելյան, Ֆելիքս Գրիգորյան։
Ըստ լրատվամիջոցի՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, որում ասվում է, որ հայ գերիները «անօրինական կերպով ձեռք են բերել զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր, ստեղծել են զինված խմբավորում, նոյեմբերի 17-ին անօրինական կերպով անցել են պետական սահմանն ու դիրքեր գրավել Հադրութի անտառներում»։
Մեղադրական եզրակացությամբ` հայ գերիներն «ահաբեկչական գործողություններ են իրականացրել»:
Հայտարարվել է, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում հայ գերիներին սպառնում է 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո, ինչպես արդեն հայտնել էինք, մեղադրյալները ցուցմունք են տվել, նրանցից մեկը պատմել է, որ իրենց նպատակը այն ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող դիրքերը պաշտպանելն է եղել, դեկտեմբերի 13-ին հրաման են ստացել իջնել դիրքերից, սակայն երբ իջել են, իրենց հրամանատարների փոխարեն ադրբեջանցիներ են տեսել, որոնց հանձնվել են։