ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Միացյալ Նահանգների դուրս գալը որակել է անօրինական եւ համաձայնագրի առաջընթացի դեմ ուղղված քայլ:
«Մենք մինչ այժմ որեւէ փոփոխություն չենք տեսել ԱՄՆ կառավարության վարքագծում, բայց ականատես ենք լինում առավելագույն ճնշմանը Թեհրանի վրա, ինչը ՄԱԿ-ի բանաձեւի խախտում է»,- նշել է Նեբենզիան:
ՄԱԿ-ում ռուսաստանցի ներկայացուցիչն ընդգծել է, թե իրանական միջուկային գործարքի վերականգնումը պահանջում է, որ Վաշինգտոնը անհապաղ վերսկսի իր ստանձնած պարտավորությունները:
Չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պնդմանը, թե Իրանը հավատարիմ է միջուկային գործարքի բոլոր պարտավորություննեին, 2018-ի մայիսին Միացյալ Նահանգները միակողմանի եւ անօրինական կերպով դուրս եկավ միջուկային գործարքից եւ առավելագույն ճնշման քաղաքականությունը շարունակեց Իրանի նկատմամբ:
Բայդենի վարչակազմի պետպաշտոնյաները բազմիցս ընդունել են ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը, սակայն մինչ այժմ միջուկային գործարքին վերադառնալու համար անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկել:
Թարմացում. Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռ ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել ՀԳՀԾ-ի ուղղությամբ: Նա շեշտել է, որ Վիեննայում ՀԳՀԾ-ի վերականգմանն ուղղված բանակցություններում նշանակալի առաջընթաց է գրանցվել եւ առաջիկայում կանցկացվի բանակցությունների յոթերորդ փուլը:
ԻՐՆԱ-ն ընդգծել է, որ Վիեննայում ընթացող ինտենսիվ եւ շարունակական բանակցությունների վեց փուլերից հետո ՀԳՀԾ-ի բանակցությունները մոտենում են ավարտին, եւ դիվանագետները հույս ունեն, որ համաձայնագիրը կվերականգնվի առաջիկա շաբաթների ընթացքում: