Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակի արարողության ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի բանակը պետք է դառնա աշխարհում ամենահզորներից մեկը:
«ՉԺՀ ՌՕՈՒ-ն պետք է դառնա համաշխարհային դասի զինված ուժեր մեծ հնարավորություններով, որպեսզի ունակ լինի հուսալիորեն պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու շահերը: Դասեր քաղելով անցյալից եւ պաշտպանելով մեր ապագան՝ անհրաժեշտ է արագացնել ազգային պաշտպանության եւ զինված ուժերի արդիականացումը: Հզոր երկիրը հզոր բանակ պետք է ունենա»,- ասել է Չինաստանի նախագահը:
Ձինփինը նշել է, որ Չինաստանը կփոխառի այլ երկրների դրական փորձը: «Մենք կարող ենք սովորել այլ մշակույթների ձեռքբերումներից, սակայն չենք հանդուրժի գոռոզ խրատներ»,- ասել է նա:
«Չինաստանի կոմունիստական կուսակցությունը եւ Չինաստանի ժողովուրդը վստահորեն կգնան այն ճանապարհով, որն իրենք են ընտրել, եւ կզարգացնեն Չինաստանը»,- հավելել է ՉԺՀ ղեկավարը:
2015-ի վերջին Չինաստանի իշխանությունը սկսել է զինված ուժերի մասշտաբային բարեփոխումները: Տեղացի եւ արտասահմանցի շատ փորձագետներ դրանք անվանել են «ամենից ռադիկալը» ՉԺՀ ռազմաօդային ուժերի պատմության մեջ:
Չինաստանը հայտարարել է, որ Պեկինը կառուցողական դեր է խաղում գլոբալ սպառնալիքների եւ մարտահրավերների հաղթահարման գործում:
Սի Ձինփինը շեշտել է, որ առաջիկա տասնամյակներում պետության առաջնահերթ խնդիրներն են լինելու ազգային անվտանգության ամրապնդումը եւ հնարավոր արտաքին ճնշումներին դիմակայելը։
«Չինացի ժողովուրդը երբեք որեւէ արտաքին ուժի թույլ չի տա ահաբեկել, շահագործել եւ ստրկացնել իրեն։ Բոլոր այդպիսի երազանք փայփայողները գլուխները կջարդեն՝ բախվելով 1 միլիարդ 400 միլիոն չինացիների կյանքի եւ առողջության գնով կառուցված պողպատե պատին»,- Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակում տոնական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Սի Ձինփինը։