«Նոյեմբերի 9-ից հետո ես լրագրող չեմ, որովհետեւ Արցախս բզկտված է»,- ֆեյսբուքյան պատասխան է իմ նկատառմանը, թե լրագրողը չպետք է քաղաքական ակցիայի մասնակից եւ, մանավանդ, կազմակերպիչ լինի:
Նույն հաջողությամբ կարելի է ասել՝ «Նոյեմբերի 9-ից հետո ես ուսուցիչ չեմ, որովհետեւ Արցախս բզկտված է», եւ դասերին ոչ թե գիտելիք, այլ ատելություն մատուցել «կապիտուլյանտի եւ նրա աջակիցների» նկատմամբ: Բժիշկն «իրավունք» ունի հիվանդին շտապ օգնություն ցուցաբերելուց առաջ «դասախոսություն կարդալու» Շուշիի կարեւորության եւ Հադրութի անկրկնելիության մասին:
Չէ՞ որ բոլորս ենք հայ, արցախցի: Եվ մեզ համար, այո՛, ծանր է Երեւանի ճանապարհին մի քանի անգամ ենթարկվել ստուգումների: Շուշիի երեւանյան դարպասների մոտ տեսնել թուրք-ադրբեջանական դրոշներ եւ թշնամի զինվորին՝ պարեկա-պահակային ծառայության կանգնած: Դժվար է: Ուզում ես փակել աչքերդ եւ չտեսնել ջլատված Բերձորը, որտեղ՝ հենց մայրուղու վրա, մի քանի խանութ-սրահ, այնուամենայնիվ, բաց են: Ռուս խաղաղապահներին ջրեր եւ էլի ինչ-որ բաներ են վաճառում:
Իրականությունը միշտ էլ ներկայացվածից տարբեր է: Քսան տարի մամուլը, հեռուստատեսությունը, քաղաքական խոսքը արցախյան իրողությունները ներկայացրել են բացառապես էյֆորիկ երանգներով: Նույնիսկ երբ իրական առիթ չի եղել, միեւնույնն է, մի բան ստեղծվել է: 2018-ի սեպտեմբերին Վաղուհաս գյուղն ապստամբեց եւ չմասնակցեց ԱԺ լրացուցիչ ընտրություններին: «Ջուր չկա, մանկապարտեզի շենքը վթարային է, մի թաղը մյուսին կապող կամուրջը՝ վտանգավոր»,- ասացին:
Հետո Վաղուհասում բարերարի միջոցներով եկեղեցի կառուցվեց, տասնյակ հազարավոր դոլարներ ծախսվեցին: Եվ երբ իրավասու մարդկանց հարցրի՝ հնարավոր չէ՞ր այդ մարդու հետ բանակցել, առաջարկել, որ գումարը հատկացնի մանկապարտեզի շենքի վերանորոգմանը կամ ջրատար անցկացնելուն, ասացին, թե ինքն է իր փողերի տերը, ինչ որոշել, այն էլ արել է: Եկեղեցու օծումը լուսաբանվեց, ինչպես մենք ենք կարողանում մեծարել բարերարներին՝ այդ ոգով-ոճով:
Պատերազմից հետո, երեւի, հայաստանյան մաս-մեդիան Արցախում չի եղել: Տեղական հեռուստատեսությունն էլ, պարզվում է, նախագահի հրաժարականը պահանջողների կողքին է: Անցյալ շաբաթ մեր գյուղում էի: Նոր, կապիտալ ջրագիծ են անցկացնում: Ամայի լեռնալանջին հուժկու էքսկավատոր էր աշխատում, բառիս բուն իմաստով ճեղքում էր քարաժայռերը: Մեկ-երկու ամսից ամեն տուն ջուր կունենա: Ասֆալտապատվել է մինչեւ Գանձասար-Ստեփանակերտ մայրուղի իջնող մեկ կիլոմետրանոց ճանապարհը: Երկու-երեք տարի առաջ միայն «Նիվա» եւ «Ուազ» մարդատարներն էին հաղթահարում ծնկահար ցեխը, խանդակները եւ դարուփոսերը:
Հիմա դժգոհում են, թե ինչու մինչեւ գյուղամեջ չեն ասֆալտապատել: Իհարկե, գերազանց կլիներ, որ գյուղամիջյան ճանապարհներն էլ բարեկարգվեին, լուսավորվեին, հիսուն տարի առաջ կառուցված դպրոցական շենքը հիմնանորոգվեր, առանձին մանկապարտեզ կառուցվեր, համայնքային կենտրոն եւ ժամանակակից ամբուլատորիա: Էլի ուրիշ հարմարություններ են պետք, բայց գյուղական կյանքը, միեւնույնն է, առանձնահատկություններ ունի:
Բոլոր ժամանակներում մարդիկ, երիտասարդությունը՝ հատկապես, ձգտել են դեպի քաղաք: Մեկը՝ ուսման, մյուսը՝ հարմար աշխատանքի, երրորդը՝ չգիտեմ ինչի համար, ինչի հույսով, բայց փաստ է, որ 1960-1970-ականներին հազիվ 20 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտն այսօր բառիս բուն իմաստով շնչահեղձ է լինում: Գավառական քաղաքի համար նախագծված նեղ փողոցները խճողված են հազարավոր ավտոմեքենաներով: Ու թեեւ որեւէ խոշոր ձեռնարկություն չի գործում, գյուղից եկողը, միեւնույնն է, մի գործ գտնում է:
Բուն քաղաքային բնակչությանը խառնվել են Շուշիից, Հադրութից, Ասկերանի եւ Մարտակերտի գյուղերից բռնատեղահանվածները: Նպաստ են ստանում, ապրում են վարձով, տաքսիստ են աշխատում, վաճառող, հավաքարար: Ժենգյալով հաց են թխում, չորացրած ուրց եւ սարի ծաղիկներ են ծախում:
Ապրում են եւ անհանգստանում: Ապրում են եւ կասկածում՝ ի՞նչն էր երեկ սխալ, ո՞րն է այսօրվա ճիշտը: Ամենավտանգավորն, ահա, անորոշությունն է: Երբ չկա սխալի, բացթողումների, շահատակությունների արդարացի գնահատական:
Բոլորն անմեղ են, անպարտ: Բոլորը ցնցակաթվածի մեջ են՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այսպես խճողվում է սահմանագիծը, չի հստակվում, թե ինչ պիտի անել, որ իրավիճակը եթե ոչ արմատապես փոխվի, ապա գոնե շտկվի, հավասարակշռվի: Ահա այստեղ արածն է, այստեղ՝ չարածը, երրորդ կողմում՝ անելիքի գոնե ընդհանուր պատկերացումը:
Մեկ օրվա հույսով ապրելն անհատի խնդիրն է, նրա ընտրությունը կամ չընտրությունը: Հանրությունը չի կարող անապագա մնալ: Դա վերջն է, երբ բոլորը կարծես հաշտվում են, որ «լինելիքը լինելու է»: Այդպես չպիտի լինի: Գյուղերում խոտհնձի շրջան է: Եվ երբ տեսնում ես գետնամած տաշած-քերած երեկվա մարգագետինը՝ խոտի կապուկներով, եւ թե ինչպես են ջլապինդ տղերքը մեքենա բարձում՝ անասունի ձմեռվա կեր, ներշնչվում ես չքաղաքականացված այդ լավատեսությամբ, որ, իսկն ասած, այնքան էլ այդպես չէ: Պարզապես ապրելու ձեւ է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։