Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է, որ այսօրվա դատական նիստի ընթացքում հայ գերիները շարունակել են հանդես գալ ցուցմունքներով։ Գերիներից մեկը՝ Ժորա Մանուկյանը, հայտնել է, որ շիրակցի պահեստազորայինները գերեվարվել են այն պահին, երբ դեկտեմբերի 13-ին, կատարելով վերադասի հրամանը, նահանջելիս են եղել Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերից։
Գերիներից Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ չի իմացել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի մասին։ Գերիների մի մասը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ եղել են Ջաբրայիլի ուղղությամբ, ավելի ուշ վերադարձել Հայաստան։
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ մեղադրող դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել է Հրաչյա Ավագյանին եւ Գեղամ Սերոբյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Բաղասյանին, Գոռ Գասպարյանին, Կամո Սեֆիլյանին, Վոլոդյա Հակոբյանին, Գեւորգ Հասերթյանին, Սիսակ Ենգոյանին, Ալբերտ Պետրոսյանին, Ռոմիկ Սեդրակյանին, Արամ Մինոսյանին, Մկրտիչ Մինոսյանին, Էդգար Մաթեսյանին եւ Յուրի Կարապետյանին՝ 2 տարվա ազատազրկման:
Դատարանը Ավագյանին ու Սերոբյանին դատապարտել է 4 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:
Նրանց նախապես առաջադրված բոլոր մյուս մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:
Նշենք, որ նախապես հայ ռազմագերիներին մեղադրանք էր առաջադրվել «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» հոդվածներով:
Ավելի վաղ Բաքվի դատարանը ԼՂ-ում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների եւ պատանդների քրեական հետապնդման փաստը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, եւ Բաքվից պահանջել էր անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին։