Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել վերջինիս նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է 2020-ի նոյեմբերի10-ի եւ 2021-ի հունվարի 11-ի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին։
Պուտինն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայուն է հիմնականում ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։ Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։
Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել եվրոպական գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի ավելի ակտիվ ներգրավվածության պատրաստակամությանը մարտական գործողություններից տուժած շրջանների բնակչության մարդասիրական խնդիրների լուծման հարցում:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով:
Նախագահները քննարկել են նաեւ ՌԴ-Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը, Ուկրաինայի եւ Սիրիայի խնդիրները: