Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 6-9-ը կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան:
Սա հանձնակատարի առաջին այցն է հարավկովկասյան տարածաշրջանի երկրներ․ այցը տեղի կունենա տնտեսական եւ ներդրումային ծրագրի այսօրվա հաստատումից հետո, որի նպատակն է աջակցել Արեւելյան գործընկերության երկրների հետ «վերականգնմանը, դիմակայունությանը եւ բարեփոխումներին ուղղված վերանայված օրակարգի իրագործմանը»։
Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության՝ քաղաքական իշխանության, գործարար միջավայրի ներկայացուցիչների եւ քաղաքացիական հասարակության դերակատարների հետ հանդիպումների ընթացքում հանձնակատար Օլիվեր Վարհեին կներկայացնի տարածաշրջանային տնտեսական եւ ներդրումային ծրագիրը եւ յուրաքանչյուր երկրի համար առաջատար կարեւորության ծրագրերը: Երեք երկրներից յուրաքանչյուրի հետ Վարհեին կքննարկի երկկողմ հարաբերությունների առանցքային հարցեր:
Հանձնակատարի այցի նպատակն է հաստատել ԵՄ-ի համերաշխությունը գործընկեր երկրներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:
Հայաստանում հանձնակատար Վարհեին կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի եւ Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Վրաստանում Վարհեին կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱԳ նախարար Դավիթ Զաքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կախաբեր Կուչավայի եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ պատրիարք Եղիա Երկրորդի հետ:
Ադրբեջանում հանձնակատարը հանդիպումներ կունենա ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիեւի, էկոնոմիկայի նախարարի եւ էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ: