Թուրքիայի Կեսարիա նահանգի Սուլթան Սազլըղը («Սուլթանական եղեգնուտ») ազգային այգին արգելոցի կարգավիճակ է ստացել։
Արգելոցն աչքի է ընկնում մարդու հասակից բարձր եղեգներով ու թռչունների մեծ բազմազանությամբ։ Կեսարիայից 75 կմ հեռավորությամբ շուրջ 40․000 հեկտար մակերեսով այդ վայրում բնակվում է թռչունների 301 տեսակ։
Արգելոցին կից գործում է նաեւ «Թռչունների թանգարան», որտեղ ներկայացված են 40 տեսակի թռչունների կրկնօրինակ-քանդակները։ Բացի դրանից՝ զբոսաշրջիկներն այդտեղ հնարավորություն ունեն մանրամասն տեղեկություններ ստանալու թռչունների բոլոր տեսակների մասին։
Էրջիես լեռան լանջերին փռված արգելոցի անունը օսմանյան սուլթան Մուրադ 4-րդի ժամանակներից է։ 1636 թվականին Երեւանի դեմ արշավող սուլթան Մուրադը երեք ամիս կանգ է առել այդ վայրում։ Տարածքը տարբեր ժամանակներում նաեւ եղել է օսմանյան սուլթանների որսատեղին։
Կեսարիան (Կապադովկիան, Փոքր Հայքի պատմական Մաժաքը) նախկինում պատկանում էր Բյուզանդական կայսրությանը։ Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին՝ մինչեւ Պապ թագավորը, այնտեղ էին օծվում եւ օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները։ Մովսես Խորենացու վկայությամբ՝ հայոց թագավոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին։ Վերջինս այստեղ՝ հետագա Կեսարիայի տեղում, կառուցել է դաստակերտ, պատել պարիսպներով եւ անվանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք։ Մ․թ․ 17 թվականից Կապադովկիան դարձել է Հռոմեական նահանգ, իսկ Մաժաքը ի պատիվ Գայոս Հուլիոս Օկտավիանոս կայսեր վերանվանվել է Կեսարիա։
Կեսարիան թուրքերենում կոչվում է Կայսերի՝ հարմարեցված թուրքերենի հնչյունաբանությանը: