Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Վատիկանում օրերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգեւոր պետերի ժողովի ընթացքում Ֆրանցիսկոս Պապի հետ առանձնազրույցում անդրադարձել է Արցախյան պատերազմի հետեւանքներին եւ հատկապես մինչեւ այժմ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցին:
Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ միջազգային օրենքի սկզբունքներին դեմ է պատերազմի գերիների նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հակաօրինական մոտեցումը: Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել Պապին՝ գերիների հարցին անդրադառնալու համար, եւ խնդրել, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա մեր ժողովրդին հուզող հարցին՝ նպաստելով գերիների շուտափույթ վերադարձին:
Հայրապետը նույն հարցի շուրջ խոսել է նաեւ Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Փարոլինի հետ:
Վեհափառ Հայրապետը հանդիպման մանրամասները հայտնել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Նազարյանին: