Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությունը վերականգնելու հարցում հույսեր է կապում Վաշինգտոնի հետ։
Ալիեւն ուղերձում պնդել է, թե 44-օրյա պատերազմի արդյունքում «Ադրբեջանը վերականգնել է տարածքային ամբողջականությունը եւ ապահովել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի կատարումը»:
«Հակամարտության ավարտը տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողություն է ստեղծել, բարենպաստ հիմք դրել ամուր խաղաղության, տնտեսական վերականգնման ու տարածաշրջանային համագործակցության համար։ Կարծում եմ, որ ներկա իրողություններին համապատասխան` ԱՄՆ-ը կարող է զգալի ներդրում ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամուր խաղաղություն եւ վստահություն հաստատելու գործում՝ տարածքային ամբողջականության, փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության հիման վրա»,- ըստ Ալիեւի մամուլի ծառայության՝ նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը գոհունակությամբ նշել է, որ մի շարք ոլորտներում ռազմավարական համագործակցությունը բարձր մակարդակի է հասել: Նա բարձր է գնահատել էներգակիրների մատակարարման եւ «Հարավային գազային միջանցքի» ծրագրին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը:
Ադրբեջանի նախագահը նաեւ նշել է, թե կցանկանար, որ «ամերիկյան ընկերությունները մասնակցեն ազատագրված տարածքներում վերականգնման եւ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին»:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը երեկ արդեն իսկ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նախագծերի իրականացմանը կմասնակցեն ամերիկյան ընկերությունները: Դիվանագետն ասել է, որ որոշ ընկերություններ արդեն գործունեություն ծավալելու թույլտվություն են ստացել:
ԱՄՆ դեսպանը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հարթեցման հարցում՝ նշելով, որ տարածաշրջանում հակամարտության աղբյուրներն արմատախիլ անելու համար շատ կարեւոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: