Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտնել է, որ Եվրոպական միությունը Հայաստանին 1,5 մլրդ եվրո կհատկացնի առաջիկա հինգ տարում մի շարք ծրագրերի իրականացման, դրանց թվում՝ Սյունիքի մարզի զարգացման համար:
Բրյուսելում ներկայացված փաստաթղթում ընդգրկված են նախաձեռնությունները, որոնք Եվրահանձնաժողովը մտադիր է իրականացնել մինչեւ 2025 թվականը «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրներում:
«Հայաստանին առաջիկա հինգ տարում ավելի քան 1,5 մլրդ եվրո կտրամադրվի առանցքային 5 ծրագրերի իրականացման համար՝ ներառյալ Սյունիքի մարզի զարգացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցները կուղղվեն 30 հազար փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանը։ Նպատակը կայուն, նորարարական, մրցունակ տնտեսության ստեղծումն է, սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ հաղորդակցությանը, Հյուսիս-hարավ ավտոմայրուղու շինարարությանն աջակցելը, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ տեխնոլոգիաների ներդրումների ավելացումը, Հայաստանի հարավային շրջանների կայունության բարձրացումը։
Ծրագրերից մեկն էլ վերաբերում է «Կանաչ Երեւանին»։ Ներդրումներ կարվեն էներգիայի արդյունավետ օգտագործման եւ բնությանն ավելի քիչ վնաս հասցնող ավտոբուսների գործարկման ուղղությամբ: