«Էսօր հեշտ իրացվող մթերք չկա,- աում է Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Արթուր Անդրեասյանը,- բանջարեղենն ինքնարժեքից ցածր գնով ենք վաճառում, պետությունն էլ մթերման ծրագիր չունի, ինչն ավելի է բարդացնում գյուղացու գործը»։
Պարոն Արթուրը ջերմոցային պայմաններում սմբուկ, կծու, քաղցր պղպեղ, վարունգ ու այլ տեսակի բանջարեղեն է աճեցնում։ Բերքը վաճառում է Գայ գյուղի շուկայում։ Ասում է՝ ինքն անձամբ գյուղատնտեսական վարկերից չի օգտվում, բայց գյուղացիների մեծ մասը ստիպված է վարկ վերցնել։ Վաճառքից հետո մյուս խնդիրն այս տարի քամու հասցրած վնասներն են։
«Ուժեղ քամիներն իմ ջերմոցներից երկուսը փչացրին։ Առաջին անգամ քամին շարքից հանեց 396000 դրամ արժողության ցելոֆանե ծածկը, որ հենց էդ օրն էի գնել, մյուս օրն էլ էնքան ուժեղ էր, որ չկարողացանք ցելոֆանը քաշել, ու ամբողջ ջերմոցի բերքը փչացավ։ Դա ի վերջո ծածկեցինք։ Մի շաբաթ հետո մյուս ջերմոցն այդ օրն ընկավ։ Խնդիրն այն չէ, որ մենք գործը թերի ենք անում, պարզապես քամու ուժը շատ մեծ է։ Երբեմն հսկա սյուներն էլ է ծռում»,- պատմում է Արթուր Անդրեասյանը։
Պետական աջակցության համար չի էլ դիմել, քանի որ գյուղում տուժած շատ ջերմոցների համար պետությունը որեւէ աջակցություն չի տրամադրել։
Ուժեղ քամուց տուժել են նաեւ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ «Քամին մեծ վնաս է հասցրել մեր վարունգի ջերմոցի երկու երրորդին։ Պետությունից աջակցություն չենք ստացել, քանի որ նախապես չէինք ապահովագրել ջերմոցը»,- պատմում է Ոսկեվազի բնակիչ Աշոտ Ավետիսյանը։
Ոսկեվազում վաճառքի խնդիրներ առաջանում են, երբ համընկնում է ջերմոցատերերի՝ բերքը հավաքելու ժամանակահատվածը։ Արտադրանքի ավելացում է լինում, ու տեղի է ունենում գնանկում։ Արթուր Անդրեասյանի կարծիքով վաճառքին խանգարում են նաեւ խոշոր արտադրող ընկերությունները։
Թե՛ Գայում, թե՛ Ոսկեվազում ջերմոցային տնտեսությունները ոռոգման խնդիր չունեն։ «Ընդերքի ջրերը բարձր են, մենք էլ խորքային ջրերով ենք ոռոգում, կաթիլային ոռոգման համակարգ է գործում։ Չգիտեմ՝ բաց հողերի դեպքում խնդիր կա, թե ոչ, ջերմոցների դեպքում չկա»,- ասում է պարոն Արթուրը։ Ոսկեվազում գետի ջրով էլ են ոռոգում ջերմոցները։
Գյուղացիներն իրենց արտադրանքը փորձում են իրացնել նաեւ Երեւանում գործող գյուղմթերքի շուկաներում։ Այստեղ էլ վաճառքի մակարդակը շատ բարձր չէ։ Նինա տատիկն Արարատի մարզի Արեւշատ գյուղից է։ «Կայարանի շուկա» գյուղմթերքի շուկայում չրեր ու քաղցր սուջուխ է վաճառում։ Ասում է՝ օրվա հացի խնդիր է լուծում։
«Սրանք այնպիսի բաներ են, որ հիմնականում տեղացիներն իրենց համար չեն գնում, այլ դուրս են տանում, իսկ կորոնավիրուսի պատճառով շատ գնալ-գալ չկա, ու վաճառքն էլ կանգնել է։ Առաջ գոնե ռուսներն էին առնում, հայերն էին առնում տանում։ Բարձրաշենից Սովետաշեն ճանապարհն էլ շատ վատն է, դժվարությամբ ենք ապրանքը բերում էստեղ, չեն շինում էդ ճանապարհը,- ասում է Նինա տատիկը։
Արեւշատում ոռոգման ջրի խնդիր ունեն։- Ջուրն ուշ-ուշ են տալիս, խնդրում-աղաչում ենք, որ տան։ Գոնե ջրի վճարը քչացնեն»։ Եղանակի, օրինակ՝ կարկտի հետ կապված խնդիրներ իրենց գյուղում հաճախ չեն լինում, ու այդ առումով շատ չեն տուժում։ Հարկադրված գյուղատնտեսական վարկեր են վերցնում, բայց մարելը հեշտ չէ։
Տիկին Ալվարդը գյուղմթերքի շուկա գալիս է Արարատի մարզի Մխչյան գյուղից։ Կանաչեղեն ու մրգեր է վաճառում։ Հիմնական խնդիրն էլի վաճառքի ծավալն ու մթերքի գինն են։ «Մարդիկ գալիս ասում են՝ էդ ծիրանը 100 դրամով տվեք, բայց էդպես ո՞նց կլինի. մենք մշակում ենք, տրանսպորտին ենք փող տալիս, որ մեզ էստեղ բերի։ Բայց դե վաճառում ենք, էլի, թանկ, էժան, հո չե՞նք թափելու»,- ասում է տիկին Ալվարդը։ Նշում է՝ գոնե ոռոգման ջրի խնդիր չունեն։ Պետությունն էլ կարկտի, ցրտահարության դեպքերում որոշ չափով աջակցում է, բայց հիմնական բեռն իրենց ուսերին է։