Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր շարունակում է 13 հայ գերիների դատավարությունը։
Ամբաստանյալների կարգավիճակում են Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Ղոլայանը, Հրայր Սերյոժայի Թադեւոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բախրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արմեն Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոնյանը, Մելս Կարապետի Անբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը եւ Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները, «ապօրինաբար ձեռք բերելով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, ստեղծել են ապօրինի զինված կազմավորում»: Հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 17-ին, 13 հոգուց բաղկացած զինված խումբը «ապօրինի» հատել է Ադրբեջանի պետական սահմանը եւ դիրքավորվել Հադրութի շրջանի անտառային հատվածում։
Ներկայացված մեղադրանքներով նրանց սպառնում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Ավելի վաղ Բաքվում ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որոնց Ադրբեջանի իշխանությունը «դիվերսանտ» է որակել։ Հրաչյա Ավագյանին եւ Գեղամ Սերոբյանին դատապարտել էին 4 տարվա, մյուսներին՝ 6 ամսվա ազատազրկման:
Նախապես առաջադրված բոլոր մյուս՝ «ահաբեկչության», «ապօրինի զենք-զինամթերքի», «սահմանի ապօրինի հատելու» մեղադրանքները դատավարության ընթացքում հանվել են:
Վեց ամիս դատապարտված գերիներից 12-ը եւ եւս 3 ռազմագերի հուլիսի 3-ին վերադարձել են Հայաստան։ Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Մուրադովը նշել է, որ շարունակելով եռակողմ համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու աշխատանքները՝ Բաքվում անձամբ ադրբեջանական կողմին է փոխանցել երկու շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք ականապատվել են հայկական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ զինված հակամարտության ընթացքում։ Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիների, որոնք Երեւան են հասցվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով։
Մուրադովը հավելել է, որ ռուսական կողմը հետագայում էլ կշարունակի աշխատանքը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ: