Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի իշխանությունները, ՔՈՎԻԴ-19-ի Դելտա շտամի տարածմամբ պայմանավորված, վերականգնում են մի շարք սահմանափակումներ:
Մասնավորապես, իշխանությունները որոշում են ընդունել փակել ոչ առաջնային նշանակության առեւտրային ձեռնարկություններն այն տարածքներում, որտեղ կորոնավիրուսով վարակման սպառնալիք կա:
Իրանի 275 քաղաքներում, որոնց թվում եւ Թեհրանում, փակ են բոլոր հանրային զբոսայգիները, ռեստորանները, գեղեցկության սրահները, առեւտրի կետերը, գրքերի խանութները: Հաղորդակցության հարցում մտցվել է արգելք այն քաղաքների միջեւ, որտեղ կորոնավիրուսի հետ կապված հիվանդացության մակարդակը բարձր է:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը կարող է բախվել ՔՈՎԻԴ-19-ի հինգերորդ ալիքին, քանի որ կորոնավիրուսի չափազանց վարակիչ Դելտա շտամը տարածվում է երկրում։ Ռոհանին նշել է, որ Դելտա շտամը երկիր է մտել հարավից եւ հարավ-արեւելքից:
«Մտավախություններ կան, որ ամբողջ երկիրը կարող է բախվել 5-րդ ալիքին, եթե բավարար ուշադրություն չդարձվի առողջապահական նախազգուշացումներին: Պետք է զգույշ լինենք, որպեսզի կանխենք դրա տարածումը երկրում: Բոլոր առողջապահական կանոնակարգերը ամբողջությամբ պետք է պահպանվեն, հակառակ դեպքում խնդիր կունենանք։ Ինձ, իհարկե, հաղորդել են, որ մարդկանց 69 %-ը պահպանում է նախազգուշական միջոցները»,- ասել է Ռոհանին:
Իրանի Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի խոսնակ Ալիռեզա Ռեիսին էլ հայտարարել է, որ աշխարհը բախվել է կորոնավիրուսի հնդկական՝ Դելտա շտամի ալիքի հետ, որն արդեն տարածվել է 68 երկրում:
Խոսնակը նշել է, որ Իրանի նահանգների կեսը բախվում է կորոնավիրուսային հիվանդության հինգերորդ ալիքի հետ, եւ 92 քաղաք հայտարարվել է կարմիր, 183 քաղաք՝ նարնջագույն, 173-ը՝ դեղին:
Իրանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը ավելի քան 3,2 միլիոն է: Վիրուսը խլել է 84 792 մարդու կյանք: