«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պայմաններում սահմանների հատման կարգի վերաբերյալ խորհրդատվություն կտրամադրի Վրաստան մեկնող գնացքների ուղեւորներին։
Ըստ ՀԿԵ մամուլի ծառայության՝ Երեւանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»:
«Ադմինիստրատորը Երեւան-Բաթում-Երեւան միջազգային գնացքի ուղեւորներին կօգնի գրանցվելու հարեւան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ներկայում գործող կարգի համաձայն` Վրաստան կարող են մուտք գործել այն քաղաքացիները, որոնք ներկայացրել են ՔՈՎԻԴ-19-ի բացասական PCR ախտորոշումը հաստատող եւ առավելագույնը 72 ժամ առաջ արված թեստի վկայագիր:
Վրաստան մուտք գործելուց հետո երրորդ օրը օտարերկրյա բոլոր քաղաքացիները իրենց հաշվին պետք է անցնեն PCR թեստավորում: Բացասական թեստը պարտադիր է նաեւ Հայաստան մուտք գործելու համար: