ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ու ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները մարդասիրական-բժշկական ակցիա են կազմակերպել Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում:
Ռազմական բժիշկները գյուղի հիվանդանոցի մոտ շարժական մոդուլ՝ դաշտային բժշկական կետ են տեղակայել տեղի բնակիչներին ընդունելու եւ որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Ըստ Հաթերքի գյուղական տեղամասի հիվանդանոցի վարիչ Ալեք Մակյանի՝ գյուղի 1600 բնակչին սպասարկող երկու թերապեւտից ու երկու մանկաբույժից բացի գյուղում նաեւ նեղ մասնագետների, հատկապես ակնաբույժի ու քիթ-կոկորդի մասնագետի պահանջ է զգացվում։
Մարդասիրական արձագանքման կենտրոնի բժշկական ջոկատի պետ Մարատ Խատագովը նշել է, որ որոշում է ընդունվել Հաթերք գնալ մասնագետների կազմով՝ ակնաբույժ, օտոլարինգոլոգ, վնասվածքաբան, սրտաբան:
Բուժզննման ընթացքում հատուկ նշանակության ջոկատի բժիշկները մոտ 200 հիվանդի խորհրդատվական եւ որակյալ բուժօգնություն են ցուցաբերել: Բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնելու առաջարկ է արվել։
«Այսօրվա ակցիայից օգտված 61 ընտանիքից 30-ը հարկադիր վերաբնակեցվածներ են, 20-ը՝ 5 եւ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներ, մնացածը՝ անբարենպաստ պայմաններում հայտնված ընտանիքներ»,- ընդգծել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բնակչությանը փոխանցվել է շուրջ յոթ ու կես տոննա մարդասիրական բեռ։