Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողները հուլիսի 2-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը Ելփին գյուղի «Արդարազ» կոչվող տարածքում բեզոարյան այծ է որսացել եւ «ՈՒԱԶ» ավտոմեքենայով ուղեւորվել է դեպի Ելփին:
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մարզային տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած գործողությունների արդյունքում փախուստի դիմած վարորդի կայանած վայրում՝ առվի մեջ, հայտնաբերվել է որսը։ Դեպքի վայր ներկայացած «Հայանտառ»-ի մասնաճյուղի տնօրենը հայտնել է, որ բեզոարյան այծը որսացել է անտառապահներից մեկը:
Տնօրենը եւ անտառապահը բերման են ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղի տնօրենը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Քրեական օրենսգրքի վերոնշյալ կետի համաձայն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ապօրինի որս իրականացնողները պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Բեզոարյան այծի դեպքում տուգանքի չափը 3 մլն դրամ է սահմանված:
Բեզոարյան այծը գրանցված է ոչ միայն ՀՀ Կարմիր գրքում, այլեւ Բնության պահպանության միջազգային միության ցուցակում՝ որպես խոցելի տեսակ:
Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։