Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության փոխնախագահ Կարո Փայլանը խոսել է Թուրքիայի՝ նախագահական համակարգի անցնելուց հետո անցած երեք տարիների տնտեսական ցուցանիշների մասին:
Փայլանը տնտեսության անկումը կապել է Էրդողանի «մեկ մարդու ռեժիմի» հետ՝ հիշեցնելով տնտեսության վերաբերյալ Թուրքիայի նախագահի «Տնտեսության պատասխանատուն անձամբ ես եմ» հայտնի արտահայտությունը:
Պատգամավորը, հիշեցնելով նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքերը, ըստ որոնց՝ նախագահական համակարգին անցնելուց հետո երկրի տնտեսությունը թռիչք է արձանագրելու, ներկայացրել է մի շարք ցուցանիշներ:
Թուրքիայի տնտեսությունը աշխարհի մեծ տնտեսությունների շարքում 18-րդից նահանջել է 20-րդ հորիզոնական: Թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է՝ 4.55-ից հասնելով 8.70 լիրա/1դոլար ցուցանիշի:
Ազգային համախառն եկամուտը 860 միլիարդ դոլարից իջել է 700 միլիարդի՝ մեկ շնչի հաշվով 10600 դոլարից նվազելով 8500-ի: Նվազագույն 2825 լիրա (326 դոլար) աշխատավարձն ավելի ցածր է, քան 2865 լիրա (330 դոլար) կազմող նվազագույն զամբյուղի պարունակությունը:
2018-ին 29,2 միլիոն կազմող աշխատողների թիվը 2021-ի ապրիլին կազմել է ավելի քան 28 միլիոն մարդ: Նախագահական համակարգի 3 տարում գործազուրկների թիվը 10.8%-ից հասել է 13.9 միլիոնի՝ հատելով 10 միլիոնը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության 2021-ի հունիսի տվյալներով սպառողի համար գնաճը եղել է 17.5%, իսկ արտադրողի համար՝ 42.8%: Ընդհանուր գնաճը 30%-ից բարձր է եղել:
Վերջին 3 տարում էլեկտրաէներգիան թանկացել է 97%-ով, բնական գազը՝ 93 %-ով: