Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Քաբուլի հետ չի քննարկում Աֆղանստանի տարածք ռուսական զորքեր մտցնելու խնդիրը։ «Սույն թեմայով որեւէ քննարկում չի ընթանում»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Բանն այն է, որ ամերիկյան զորախմբի դուրսբերմանը զուգահեռ իրավիճակն Աֆղանստանում սրվել է։
«Թալիբան» շարժման զինյալները վերջին շաբաթներին լայնածավալ հարձակման են անցել՝ վերահսկողություն սահմանելով Ուզբեկստանի եւ Տաջիկստանի հետ սահմանի մի շարք հատվածների նկատմամբ։
Տաջիկական աղբյուրների պնդմամբ՝ Աֆղանստանի կառավարական բանակի հազարից ավելի զինծառայողներ, նահանջելով «Թալիբանի» ճնշման ներքո, վերջին երկու օրերին հատել են պետական սահմանը եւ ապաստան խնդրել Դուշանբեից։
Ընդսմին շարունակվում է նաեւ թալիբների հարձակումը Աֆղանստանի հյուսիսի խոշորագույն քաղաքի՝ Մազարի-Շարիֆի ուղղությամբ։
Թուրքիան, Իրանը եւ Պակիստանը, ըստ վերջին տեղեկությունների, նկատի ունենալով իրադրության փոփոխությունը, որոշել են միառժամանակ դադարեցնել Մազարի-Շարիֆում գործող իրենց հյուպատոսությունների աշխատանքը։