ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը եւ Հայաստանի որոշումը՝ տեղեկություններ փոխանցել Ադրբեջանին ականազերծումը դյուրացնելու համար։
«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել վերադարձնելու բոլոր գերիներին եւ փոխանակելու հակամարտության շրջաններում արդյունավետ ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։ Մենք պատրաստ ենք աջակցելու համագործակցությանն ու տարածաշրջանում դեռևս չլուծված հարցերի կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ը նաեւ հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, բանակցել հակամարտության համապարփակ ու կայուն քաղաքական կարգավորման համար։
Միացյալ Նահանգները հիշեցրել է, որ հունիսի 12-ին եւս Ադրբեջանի կողմից ազատ արձակվեցին հայ գերիներ, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցվեցին ականապատ դաշտերի քարտեզներ։ ԱՄՆ-ը վստահ է, որ իրենց աջակցությամբ իրականացված այս քայլով, որին մասնակցություն ունեցավ նաեւ Վրաստանը, հիմք դրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա համագործակցությանը։
ԱՄՆ-ը գնահատել է նաեւ տարածաշրջանային կայունությանն աջակցելուն ուղղված Ռուսաստանի ջանքերը։