Այսօր Նիդերլանդների Թագավորության խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է եզդիների ցեղասպանությունը: Դրա մասին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Շնորհակալություն, Նիդերլանդներ: Այսօր Նիդերլանդների Թագավորության խորհրդարանը պատմական որոշում կայացրեց եւ պաշտոնապես ճանաչեց Եզդիների ցեղասպանությունը` իր ավանդը ներդնելով ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարին»,- ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ամեն տարի օգոստոսի 3-ին ամբողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: 2014-ից հետո Իրաքի հյուսիսում բնակվող շուրջ 300 հազար եզդիներ դարձել են փախստականներ:
2015-ին ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի սահմանմամբ՝ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրականացրել Իրաքի ազգային-կրոնական փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ։ Զեկույցում նշվող վկայությունների թվում են կտտանքների, սպանությունների, առեւանգումների, կրոնափոխության պարտադրանքի, մանկահասակ երեխաների հավաքագրման եւ սեռական ստրկության ենթարկելու ապացույցներ։ ՄԱԿ-ը ընդգծել է, որ գրոհայինների արարքները բնութագրվում են որպես հնագույն համայնքը բնաջնջելու ցանկություն։