Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը կարգադրել է լրացուցիչ 20 հազար զինծառայողի տեղակայել տաջիկա-աֆղանական սահմանին՝ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով:
Աֆղանստանի կառավարական զորքերի ավելի քան հազար զինծառայող, նահանջելով թալիբ զինյալների գրոհներից, նախօրեին անցել են Տաջիկստան ու ապաստան խնդրել։ Վերջին մի քանի շաբաթում սա աֆղանական զորքի ամենամեծ փախուստն է Տաջիկստան: Մինչ այդ աֆղանական բանակի հարյուրավոր զինծառայողներ Տաջիկստան են անցել ավելի փոքր խմբերով։
Տաջիկստանի իշխանությունները սնունդ ու կացարան են հատկացնում փախած աֆղանցի զինվորներին եւ փախստականների ավելի մեծ հոսքի նախապատրաստվում։
ԱՄՆ-ի՝ մինչեւ սեպտեմբերի 11-ը զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մասին հայտարարությունից հետո «Թալիբան» շարժումը սկսեց նոր տարածքներ գրավել։ Տաջիկստանի հետ 1 357 կիլոմետր սահմանի երկու երրորդն արդեն թալիբների վերահսկողության տակ է։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության՝ երկրի հյուսիսարեւելյան Բադախշան նահանգի 28 շրջաններից ընդամենը երկուսն են մնացել կառավարության վերահսկողության տակ։ Թալիբ զինյալները շրջապատել են նահանգի կենտրոն Ֆայզաբադ քաղաքը, սպառնալիքի տակ է օդանավակայանը։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ֆավադ Ամանը հայտարարել է, թե հարյուրավոր հատուկ ջոկատայիններ եւ կառավարամետ աշխարհազոր է տեղափոխել հյուսիսային շրջաններ՝ թալիբների հարձակումները կասեցնելու համար։ Նա հայտնել է, որ բանակը պատրաստվում է հակահարձակման՝ թշնամուն անցած տարածքները հետ վերցնելու համար։
Թալիբների համար Աֆղանստանի հյուսիսային շրջանների՝ Կենտրոնական Ասիայի դարպասների գրավումը մեծ նշանակություն ունի։ Աֆղանստանը հյուսիսից սահմանակից է Տաջիկստանին, Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին։ 1990-ին Աֆղանստանում իշխող թալիբները չկարողացան գրավել այդ շրջանները: Հենց այդտեղ էլ ձեւավորվեց Հյուսիսային դաշինքը, որը, ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, 1991-ին տապալեց թալիբների իշխանությունը։ Հյուսիսային շրջանների վրա թալիբների այս հարձակումները փորձագետները գնահատում են կանխարգելիչ հարված այնտեղ կրկին հյուսիսային ընդդիմության կազմակերպման դեմ։