Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները կշարունակեն Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքները:
Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության եւ ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է:
«Մեր դիրքորոշումը հայտնի է, այն հնչել է ի սկզբանե` «փոխանակում`բոլորը բոլորի դիմաց»։ Բայց կլուծենք այնպես, ինչպես հնարավոր է: Կրկնում եմ, որ այս հարցը մնում է մեր հիմնական առաջնահերթությունների թվում, եւ աշխատանքն այս ուղղությամբ, անկասկած, շարունակվելու է»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Կոպիրկինը։
Քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը
Կոպիրկինը շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։ «Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը»,- ասել է նա:
Դեսպանը նշել է, թե շատ կարեւոր է այնպես անել, որ տեղի բնակիչներն իրենց համար նոր ու անսովոր պայմաններում հնարավորինս հարմարավետ զգան:
Սահմանի երկայնքով, այդ թվում՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը։
«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ եւ խորհրդակցություններ նաեւ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման եւ եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։
Կլինի նաեւ կարծիքների փոխանակում
Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Պուտինի եւ ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանի հանդիպման թեմաներին: Դեսպանը նշել է, որ շատ այլ հարցերի թվում կքննարկվի նաեւ անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով ներկա իրադրությունը։
«Կլինի նաեւ կարծիքների փոխանակում մեր քաղաքական երկխոսության դինամիկայի, տնտեսության, հումանիտար ոլորտում հարաբերությունների հետագա պահպանման շուրջ»,- ասել է ռուս դիվանագետը:
Կոպիրկինն ընդգծել է նաեւ, որ կողմերը կխոսեն հարաբերությունների հետագա խորացման մասին՝ հաշվի առնելով ընտրություններից հետո Հայաստանում տիրող իրավիճակը։
Երկրների ղեկավարները կքննարկեն նաեւ հաջորդ տարի նշվելիք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը պատշաճ մակարդակով նշելու հարցը: