Երեւանի 4870 բնակելի շենքերի 90%-ից ավելին համատիրություններն են կառավարում։ Համատիրությունը, որի ստեղծման իրավունքը բնակիչներինն է, պատասխանատու է շենքի ընդհանուր սեփականության (տանիք, մուտքի դռներ, աստիճանավանդակներ եւ այլն) պահպանման համար։ Դրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Համատիրության մասին» ՀՀ օրենքով։ Մինչեւ համատիրությունների ստեղծումը այդ գործառույթն իրականացնում էին ԲՇՏ-ները (բնակարանային շահագործման տեղամասեր), որոնք հայտնի էին «ԺԷԿ» ռուսերեն հապավումով (ЖЭК՝ Жилищно-эксплуатационная контора):
«Արաբկիր 005» համատիրության վերահսկողության տակ 80 բնակելի շենք կա։ Դժվար է բնակիչների ընդհանուր թիվ նշել, քանի որ շենքերում կան նաեւ դատարկ բնակարաններ։ «Մեր համատիրությունը ձգտում է իրականացնելու բոլոր գործառույթները, որոնք պարտավոր է իրագործել։
Այս տարի երկու մուտք ենք վերանորոգել, երրորդի վերանորոգումն ընթացքի մեջ է։ Անպայման մաքրում ենք ծխնելույզները, հավաքարարներ (դռնապաններ) ունենք, նրանք մաքրում են բոլոր շենքերը։ Ջրատար խողովակները, կանգնակները վերանորոգում ենք, վերելակներն ենք սպասարկում։ Դեռատիզացիայի (կրծողների դեմ պայքար) համար պայմանագիր ունենք։ Ամեն ամիս փոխանցում ենք նախատեսված գումարը, իրենք էլ ամսական 2-3 անգամ, բողոքների դեպքում նույնիսկ 4-5 անգամ գալիս, իրենց գործն անում են»,- ասում է «Արաբկիր 005»-ի կառավարիչ Տիգրան Սարգսյանը։
Տանիքները մասնակի են վերանորոգում, այսինքն՝ քաղաքապետարանը թիթեղներ է տրամադրում, իրենք էլ բնակիչների հետ վերանորոգում են։ Ըստ Տիգրան Սարգսյանի՝ համատիրությունը բաց ու թափանցիկ է աշխատում, հաշվետու է բնակիչներին։ Ամեն ամիս հաշվետվություններ են փակցվում մուտքերի մոտ, նաեւ ֆեյսբուքյան էջ ունեն, տեղեկացնում են կատարված աշխատանքների մասին։ «Բնակիչների տված գումարով ենք անում աշխատանքը, իրենք էլ, հետեւաբար, պիտի իմանան, թե ինչ ենք անում»։
Բնակիչներն ասում են՝ եթե տեսնեն, որ իրենց խնդիրներին արձագանք չկա, գումար չեն տա, բայց երբ տալիս են, գիտեն՝ ինչի համար են տալիս։ Ցածրահարկ շենքերում մեկ քառակուսի մետրի համար 15 դրամ են վճարում, բարձրահարկերում՝ 25 դրամ, որից 10 դրամն ուղղվում է վերելակների սպասարկմանը։ Այնուամենայնիվ, քչաթիվ բնակիչներ պարտադիր գումարը չեն տալիս։
«Եթե մարդկանց թողնենք, չեն գա համատիրություն՝ գումար տալու, ամեն մեկն իր գործով է զբաղված, դրա համար ֆինանսական հսկիչ ունենք, որը գնում է մարդկանց տներ՝ գումարը վերցնելու։ Մարդիկ էլ կան, որ գումար չեն տալիս, բայց բողոքում են մեր աշխատանքից։ Ինչո՞ւ պիտի, օրինակ, 16-րդ հարկի բնակիչը պարտաճանաչ վճարի վերելակի սպասարկման համար, իսկ, ասենք, 7-8-րդ հարկի բնակիչը՝ ոչ։ Սա էլ երթուղային տաքսու նման մի բան է․ հո ամեն անգամ երթուղայինում մի մարդ մյուսների փոխարեն չի՞ վճարում»,- ասում է պարոն Սարգսյանը։
Համատիրությունների մասին վատ կարծիքն առաջացել է դեռ վաղուց՝ այն ժամանակ, երբ բնակիչներն ինչ-որ խնդիրներով դիմել են վերին օղակներին, որոնք հարցի կարգավորումը հանձնարարել են ստորին օղակներին, նրանք էլ՝ համատիրություններին, մինչդեռ տվյալ հարցի կարգավորումը համատիրության իրավասությունների մեջ չի եղել, ու մարդիկ սկսել են բողոքել, թե համատիրությունը ոչինչ չի անում։
Բնակիչների դիմումների հիման վրա աջակցություն ցուցաբերում է նաեւ քաղաքապետարանը։ «Քաղաքապետարանն էլ իր աջակցությունն է ցուցաբերում, օրինակ, մուտքերի նորոգմանը կամ, ինչպես արդեն նշեցի, տանիքների համար թիթեղներ է տրամադրում»,- ասում է «Արաբկիր 005» համատիրության կառավարիչը։
Բոլոր բնակիչները չէ, որ ակտիվորեն մասնակցում են իրենց շենքերի կառավարմանը, բայց բավականին ակտիվներ բնակիչներ էլ կան։ Մեզ հետ զրուցած քաղաքացիների շրջանում, սակայն, ավելի շատ էին նրանք, որոնք բողոքում էին իրենց համատիրությունների աշխատանքից կամ, ինչպես իրենք են ասում, «չաշխատանքից»։
Քրիստինե Իսախանյանը Աջափնյակ վարչական շրջանում է բնակվում։ Նրանց շենքը սպասարկվում է «Ռուզաննա, Արմինե, Ռուզաննա» համատիրության կողմից։ «Մուտքերում անբարեհույս վիճակ է, կոտրված ապակիները չեն փոխում, տանիքները չեն նորոգում, բակային տարածքները չեն մաքրում»,- ասում է տիկին Քրիստինեն։ Նշենք, որ բակային տարածքների մաքրումը մտնում է քաղաքապետարանի գործառույթների մեջ։ Այսինքն՝ բնակիչները տեղեկացված էլ չեն, թե ինչ պետք է անի եւ ինչ չպետք է անի համատիրությունը։ Փորձեցինք կապվել նշված համատիրության հետ, սակայն մեզ հետ զրուցել չցանկացան։
«Ըստ իս՝ համատիրությունը գումարները մսխող անպետք կառույց է,- ասում է Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչ Տաթեւիկ Ղուկասյանը,- ոչինչ չանելու համար գումար են կորզում։ Մուտքերը չեն վերանորոգում, չեն մաքրում, առնետների դեմ դեղը ահագին բողոքներից հետո հազիվ բերեցին»։ Այս շենքը սպասարկող «Էգան» համատիրության հետ կապվել ընդհանրապես չհաջողվեց։
Համատիրություններից բողոքներ կան ոչ միայն Երևանում, այլեւ, օրինակ՝ Գյումրիում։ «Բազմիցս դիմել եմ համատիրությանը, դեռ ոչ մի խնդիր չի լուծվել։ Տանիքը վերանորոգման կարիք ունի, մի 10 անգամ դիմել եմ, ասել եմ, որ վարձը չեմ վճարի, ոչ մի արդյունք չկա»,- ասում է Գյումրու բնակիչ Անուշ Ջեյրանյան-Մարկոսյանը։
Հավելենք, որ համատիրություն դիմելու եւ արձագանք չստանալու դեպքում քաղաքացին կարող է դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարությանը կամ քաղաքապետարան։