Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տվյալներ է հրապարակել Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով զոհված, անհետ կորած, գերի ընկած եւ գերությունից վերադարձած Արցախի քաղաքացիների վերաբերյալ։
Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալներով Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը՝ քաղաքացիական անձ, 42-ը՝ ադրբեջանական զինուժի հեռահար հարվածների, ներառյալ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետեւանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ զոհվածներ։
Արցախի ՄԻՊ-ի տվյալների համաձայն՝ զոհված զինծառայողների թիվն ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Վիրավորվել է 163 քաղաքացիական անձ։ Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ վիրավորված զինծառայողների հստակ թիվն այս պահին հայտնի չէ։
Հաստատված տվյալներով՝ Արցախից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։ Գերի ընկած եւ գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։