Հայաստանը փորձում է աշխատեցնել ի սկզբանե աշխատելու համար չստեղծված մի կառույց` ՀԱՊԿ-ը, որը կազմակերպվել է Ռուսաստանի կայսերապաշտական շահերը սպասարկելու նպատակով միայն եւ հօգուտ անդամ երկրների, մասնավորապես հօգուտ Հայաստանի, չպետք է աշխատի։
Ռուսաստանը միշտ էլ ձգտել է վերականգնելու կամ որեւէ կերպ փոխհատուցելու այն կորուստները, որ ունեցավ 1990-ականների առաջին տարիներին։ Խոսքը ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկած եւ անկախացած հանրապետությունների մասին է։ Արեւելյան Եվրոպայի ու Մերձբալթյան երեք հանրապետությունների կորստի հետ դժվարությամբ, բայց սովորում է համակերպվել։ Դիմադրում է, ոչ մի կերպ թույլ տալ չի ցանկանում, բայց ամենայն հավանականությամբ կորցնելու է նաեւ Վրաստանը եւ Ուկրաինան, իսկ ահա Միջինասիական հանրապետությունները, Ադրբեջանը, Հայաստանը, ինչպես նաեւ Մոլդովան ու Բելառուսը իրենն է համարում։
Քանի որ 21-րդ դարում բարդ է զորք ուղարկել եւ գրավել հարեւանությամբ գտնվող անկախ հանրապետությունները, ուրեմն ավելի նուրբ է պետք վարվել։ Պետք է օգտագործել ձեռքի տակ եղած տնտեսական լծակները, նորանկախ երկրների միջեւ պատերազմներ է պետք հրահրել, երկու կողմերին էլ պետք է զինել ու գրգռել, կառավարել այդ պատերազմները, ստեղծել ՀԱՊԿ եւ պարտադրել, որ հյուծված ու ամբողջությամբ քեզնից կախված հանրապետություններն անդամակցեն դրան։
Հայաստանի օրինակն ամենացայտունն է, երբ Սերժ Սարգսյանին Մոսկվայում պարտադրեցին, եւ նա վերջին պահին հրաժարվեց եվրոպական մեր ընթացքից։ Հետո Սարգսյանը, որպես սեփական թուլության արդարացում, երկար խոսում էր, թե Ռուսաստանն է մեր անվտանգության միակ երաշխավորը, իսկ ՀԱՊԿ-ը այդ անվտանգությունն ապահովող գործուն կառույց է։
Հույս կար, որ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանի երիտասարդ կառավարիչները կկարողանան պոկել երկիրը ռուսական միակողմանի կախվածությունից եւ նուրբ ու հավասարակշիռ քաղաքականություն վարելով՝ այլ խաղացողների հետ նոր կամուրջներ կկառուցեն։ Խոսքը բոլորովին էլ հակառուսական ուղղվածություն որդեգրելու մասին չէ։
Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակներն աչքի առաջ ունենալով՝ պետք է կարողանային լինել բավականաչափ ճկուն եւ խոհեմ ու օգտվել ընձեռված նոր հնարավորություններից։ Բայց մեր «հեղափոխական» իշխանությունները, պարզվեց, ոչ միայն ռուսական գրպանից դուրս գալու ծրագրեր չունեին, այլեւ ցանկանում էին շատ ավելի խոր տեղավորվել այնտեղ։
Միակողմանի կախվածությունն այսօր մեզ փաստի առաջ է կանգնեցրել։ Ռուսաստանն արդեն որպես իր սեփականություն է Հայաստանը դիտարկում։ Հիմա Ադրբեջանի վրա աշխատելու ժամանակն է։ Այս երկիրն է պետք ամուր կապերով իր գնացքին կապել։
Այդ պատճառով էլ 44-օրյա պատերազմի ընթացքում բոլորովին դեմ չէր, որ Թուրքիան ոչ միայն ներկա գտնվի, այլ նաեւ մասնակցի Հայաստանի դեմ մղվող մարտերին։ Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նպաստում էր եւ նպաստում է Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը։
Ադրբեջանական բանակը հատել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի սահմանը։ Աջակցություն ստանալու ակնկալիքով պաշտոնական Երեւանը դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ այնտեղից՝ մեկուկես ամիս լռելուց հետո տեղեկացնում են, որ այն սահմանային միջադեպ է եւ չի համապատասխանում կազմակերպության կանոնադրությանը։ Ըստ էության ասում են՝ գնացե՛ք եւ ինչպես կարող եք, պաշտպանե՛ք ձեր սահմաններն ու անմիտ դիմումներով մեզ անհարմար վիճակի մեջ մի՛ դրեք։
Հայաստանը, փաստորեն, մտածում է, թե կաշխատեցնի չաշխատելու համար ստեղծված այս կառույցը։ Այն, իհարկե, չի աշխատելու։ Հյուսիսից Հայաստանը պաշտպանություն կստանա միայն մեկ դեպքում, եթե Ադրբեջանը ընդգծված հակառուսական դիրքորոշում որդեգրի, ինչն անհավանական է։ Ուրեմն Հայաստանը պետք է արձանագրի, որ փակուղում է եւ ելքեր որոնի։
Կկարողանա՞ն այսօրվա իշխանությունները հասկանալ այս փակուղին, նոր ելքեր գտնել կփորձե՞ն՝ ցույց կտա ապագան։ Բայց պետք է արձանագրենք՝ ճիշտ էր ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, երբ իր հոդվածում ընդգծում էր՝ «2020-ի պատերազմը, որում Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, ցույց տվեց, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից գրեթե ամբողջովին անիմաստ էր»։
Իհարկե, անիմաստ էր։ Ավելացնենք միայն, որ Հայաստանի նման միակողմանի կախվածությունը Ռուսաստանից կարող է ողբերգության վերածվել մեզ համար, եթե այն չհավասարակշռվի այլ դերակատարների հետ հնարավոր նոր ու ամուր հարաբերություններով։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։