Ըստ ռուսական Ինտերֆաքս գործակալության՝ Տաջիկստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Աֆղանստանի հետ սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:
ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում ասել է, որ Տաջիկստանը՝ որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, ձեռնարկում է հնարավոր ամեն ինչ իրադրությունը վերահսկելու, այդ երկրից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար:
«Սակայն հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաեւ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածների դժվար հասանելի լեռնային տեղանքներում լինելը, միայնակ այս խնդիրը հաղթահարելը բարդանում է»,- ընդգծել է նա:
Պահանջում են համարժեք արձագանք
Տաջիկ պաշտոնյան պնդել է, որ ստեղծված պայմանները պահանջում են համարժեք արձագանք ՀԱՊԿ շրջանակում, դրանց թվում հարավային սահմանները պաշտպանելու ներուժն ուժեղացնելու միջոցառումների ընդունում:
«Այս համատեքստում արդիական է մնում Հավաքական անվտանգության խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 23-ի «Տաջիկա-աֆղանական սահմանը ամրապնդելու գործում Տաջիկստանին օգնություն ցուցաբերելու մասին» որոշման կատարման ապահովման անհրաժեշտությունը: Կազմակերպության անդամ պետություններին հորդորում ենք նպաստել տվյալ փաստաթղթի լիարժեք իրականացմանը»,- հայտարարել է Սուլթանովը:
Անհրաժեշտության դեպքում պատրաստ է
Պաշտոնական Դուշանբեի դիմումին նախորդել էին ՀԱՊԿ անդամ պետությանը սատարելու Մոսկվայի հայտարարությունները:
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հուլիսի 6-ին ասել էր, որ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրելու՝ օգնելու Տաջիկստանին սահմանին անվտանգությունն ապահովելու գործում:
Տաջիկստանի տարածքում տեղակայված է 201-րդ ռուսական ռազմաբազան: Սա Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է իր սահմաններից դուրս:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործելու ռազմաբազայի կարողությունները Կենտրոնական Ասիայի իր դաշնակիցներին պաշտպանելու նպատակով:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը: