ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կապիտոլիումը գրոհելու օրվանից հետո կես տարի անց ավելի քան 535 ամերիկացիների առաջադրվել են հիշյալ հակաօրինական գործողություններին մասնակցության մեղադրանքներ:
Նախարարության տվյալներով՝ գրոհի 495 մասնակից մեղադրվում է պահպանվող դաշնային շենք եւ դրան հարող տարածք ներթափանցելու եւ այնտեղ գտնվելու, 235 մասնակից՝ դատական քննությունը խոչընդոտելու եւ դրա վրա ազդեցություն գործելու կամ հիշյալ գործողությունները ձեռնարկելու փորձերի մեջ:
Ըստ ամերիկյան The Hill պարբերականի՝ 165 մարդու նկատմամբ մեղադրանք է հարուցվել ոստիկանների կամ ծառայողների վրա հարձակվելու կամ նրանց դիմադրություն ցույց տալու, 6-ի նկատմամբ՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա հարձակվելու եւ նրանց տեխնիկական միջոցները եւ սարքավորումները վնասելու գործով:
Կասկածյալների մի մասը մեղադրվում է միանգամից մի քանի հակաօրինական գործողությունների մեջ:
Հիշյալ 535 անդամներից գրոհի շուրջ 10 մասնակից խոստովանել է մեղքը առաջադրված մի շարք մեղադրանքների գծով:
300 մարդու ինքնությունն անհայտ է
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ հասարակայնության կողմից աջակցության կարիք ունի եւս շուրջ 300 մարդու ինքնությունը պարզելու հարցում: Նրանք կասկածվում են հունվարի 6-ի անկարգությունների ժամանակ բռնի գործողություններ կատարելու մեջ:
Հոնվարի 6-ին հանրապետական Թրամփի՝ այդ պահին երկրի ղեկավարի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք, որպեսզի խանգարեն նոյեմբերի 3-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ էր տարել դեմոկրատ Ջո Բայդենը: Հենց շենքի ներսում անկարգությունների ընթացքում ոստիկանությունը գնդակահարել է ցուցարար կնոջ:
Բացի դրանից՝ արձանագրվել են եւս երեք մարդու մահվան՝ միմյանց հետ չկապված դեպքեր, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ պատահարներ: Ընդհարումներից հետո մահացել է Կապիտոլիումի ոստիկանության մի աշխատակից: