Հունիսի 29-ից Շիրակի մարզի մի շարք համայնքների հողագործներ հաճախակի փակում են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը։ Հեկտարներով ցանված կարտոֆիլի դաշտերը երկրորդ անգամ պետք է ոռոգած լինեին, այնինչ դեռ մեկ անգամ էլ չեն հասցրել ջուր տալ չորացած ցանքատարածություններին։
Բենիամինի, Ազատանի, Արեւիկի, Գետքի, Բայանդուրի հողօգտագործողները չբացեցին ճանապարհը, մինչեւ հանդիպման եկած Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը անձամբ գյուղացիներին խոստացավ արագ լուծում տալ խնդրին, բայց թե ինչպես, ինչ եղանակով, չէր մանրամասնել։
Հուլիսի 5-ին ջրին սպասելուց աչքները ջուր կտրած հողագործները կրկին Երեւան-Գյումրին անանցանելի դարձրին, այս անգամ պահանջով, որ արդեն ջուր չեն ուզում, բերքի մեծ մասը կորել է, թող պատասխանատուները գան, ցանքատարածությունները վերցնեն ու վնասները փոխհատուցեն։
Ալեքսան Ստամբոլցյանը հինգ հեկտար կարտոֆիլի ցանքատարածության միայն մեկ հեկտարն է ջրել, այն էլ մեկ անգամ, մինչդեռ պնդում է, որ առաջին ջուրը վաղուց պետք է տված լիներ, իսկ երկրորդն այս օրերին պետք է կազմակերպեր։
Ցուցարարներից Հակոբ Բարսեղյանը եւս մեծ վնասներ է կրել։ Տասը հեկտար կարտոֆիլ է ցանել, յուրաքանչյուր հեկտարի համար ծախսել 2 մլն դրամ, գյուղտեխնիկան է գրավ դրել, վարկ վերցրել ու ջուր չլինելու պատճառով կանգնել փաստի առաջ։ Տասից միայն երկու հեկտարն է առայժմ ոռոգել, մնացած ութի համար ոչ միայն ջուր, այլեւ հույս չկա։ Երկարամյա փորձ ունեցող հողագործը չի հիշում նման դեպք, որ սեզոնին Կառնուտի ջրամբարը դատարկ լիներ։
Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը նշում է, որ դեռ ապրիլից կանխատեսելի էր, որ ջուրը չի բավարարելու, քանի որ ամեն տարվա 17 մլն խմ-ի փոխարեն այս տարի ամբարվել է 9 մլն խմ ջուր։
Բազմիցս դիմել են պատկան մարմիններին, նախազգուշացրել, որ խնդրի առաջ են կանգնելու, սակայն միշտ ստացել են նույն պատասխանը՝ լավ է լինելու։ Թե ինչպես է լավ լինելու, եթե ժամանակին՝ նախքան ոռոգման սեզոնը բացվելը, ջուր չի կուտակվել, այս հարցի պատասխանը Վարդան Իկիլիկյանը չունի։
Կարտոֆիլը, ի տարբերություն այլ մշակաբույսերի, ջրելու կանոնավոր գրաֆիկը չպահպանելու դեպքում չի վերականգնվում։
Օր օրի շարքից դուրս եկող ցանքատարածությունները փրկելու վերջին ճիգերը գործադրելով՝ գյուղացիները, ոլորտի մարզային պատասխանատուների խոստումներից հույսը կտրած, հանդիպեցին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի հետ։
Ոլորտի գլխավոր պատասխանատուն տեղեկացրեց, որ խորհրդակցություն է անցկացրել մարզպետի հետ, ունի մշակած պլան, նախատեսում են ջուրը հասցնել Կառնուտի ջրամբար։ Թե ինչ պլանի մասին էր խոսքը, այդպես էլ չասաց, նշեց միայն, որ ջրօգտագործողները ջուր կունենան։ Նա հավելեց, որ ջուրը չի հասել ջրամբար, որովհետեւ եղել է ջրի խիստ պահանջ, եւ նախքան կուտակելիք ջուրը ջրամբար կհասներ, ճանապարհին տրամադրվել է ջրօգտագործողին։
Թե ինչու ժամանակին չի կուտակվել պահանջարկին համապատասխան ջուրը, Կարեն Սարգսյանն ասաց, որ այդքան ջուր կուտակելն անիրատեսական է, այդ ջրամբարն ի վիճակի է պահելու 16 մլն խմ ջուր, դրանից ավելին ֆիլտրացիայի է ենթարկվում, ասել է թե՝ կորչում է։
«Հողօգտագործողներն անցած տարվա համեմատ այս տարի 50 տոկոսով ավելի են ջուր սպառել, եւ այն, ինչ ներկայացնում են գյուղացիները, իրականության հետ քիչ աղերս ունի։ Անցած տարվա այս ժամանակահատվածում 5,5 մլն խմ ջուր է օգտագործվել, այս տարի՝ արդեն 8,5 մլն խմ։ Պատճառը նաեւ եղանակային պայմաններն են, դա մեր լուծելու հարցը չէ»,- ասաց Սարգսյանը։
«Եթե արդեն 9 խմ-ից 8,5-ը սպառված է, այսինքն՝ այլեւս ջուր չկա, գյուղացիները ինչով են ոռոգելու հողատարածքները, ՀԵԿ-երի աշխատա՞նքն եք դադարեցնելու» հարցին Սարգսյանը պատասխանեց, որ ջրային կոմիտեն ՀԵԿ-ի ջրամատակարարումը դադարեցնողը չէ, դրա հասցեատերը շրջակա միջավայրի նախարարությունն է: Նա նաեւ փաստեց, որ կհամագործակցեն շրջակա միջավայրի նախարարության հետ եւ ջրօգտագործողների համար լավագույն ելքը կգտնեն։
Գալով վարչապետի այն հայտարարությանը, թե ավանդական ոռոգման եղանակը ապագա չունի, եւ պետք է անցում կատարել կաթիլային ոռոգման տարբերակին, ջրային կոմիտեի նախագահն ասաց, որ կարտոֆիլի մշակումն այդ եղանակով հնարավոր չէ իրականացնել, բայց եթե գյուղացին անցում կատարի ավելի բարձրարժեք մշակաբույսերի եւ ինտենսիվ այգիների աճեցմանը, այդ ժամանակ ծրագիր կմշակվի։
Իսկ մինչ այդ պետությունը մտադրություն ունի մինչեւ 3 հա հողատարածքում կաթիլային ոռոգման համակարգ անցկացրած ջրօգտագործողներին հինգ տարով ազատելու ջրի վարձավճարից։
Մինչ գյուղացիները կսպասեն ջրին, դաշտերն անխնա չորանում են, իսկ ճանապարհ փակելու նոր հեռանկարը՝ մեծանում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։