Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 4 միլիոն մարդ է մահացել ՔՈՎԻԴ-19-ից: Կասկածներ կան, որ պաշտոնական այս թիվը խիստ նվազեցված է: Բազմաթիվ երկրներում անհանգստացնող համավարակաբանական միտումներ կան՝ Դելտա շտամի արագընթաց տարածման հետ կապված:
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ահազանգել է, որ աշխարհը կորոնավիրուսի համավարակի վտանգավոր կետում է: Վերջին տվյալներով՝ վարակման դեպքերի թիվը գերազանցում է 185 միլիոնը:
Մահվան դեպքերը նվազել են 7 %-ով, վարակն աճել՝ 3 %-ով
ԱՀԿ մասնագետներն անցած շաբաթ արձանագրել են, որ նախորդ յոթ օրվա համեմատ կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 3 %-ով, իսկ մահվան դեպքերը նվազել են 7 %-ով եւ հասել անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշին:
Անցած շաբաթ վարակման ամենամեծ քանակով նոր դեպքերի մասին ԱՀԿ-ին հայտնել է Բրազիլիան (364 709), այնուհետեւ՝ Հնդկաստանը (312 250), Կոլումբիան (204 556), Ինդոնեզիան (168 780) եւ Մեծ Բրիտանիան (161 805):
Հիվանդացության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Սեյշելյան կղզիներում (758 նոր հիվանդացած 100 հազար բնակչի հաշվով), Մոնղոլիայում (472), Կոլումբիայում (402), Նամիբիայում (367) եւ Կիպրոսում (324): Շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում (13 %-ով):
Աճ է արձանագրվել Եվրոպայում (30 %-ով), Աֆրիկայում (15 %-ով), Արեւելյան Միջերկրականում (11 %-ով), Արեւմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (10 %-ով) եւ Հարավարեւելյան Ասիայում (7 %-ով): Մահացությունն առանձնապես աճել է Աֆրիկայում (23 %-ով): Մահվան դեպքերի նվազում է նկատվել Հարավարեւելյան Ասիայում (12 %-ով) եւ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում (11 %-ով):
Յոթ օրում` 505 հազար մարդ
Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 505 հազար մարդ, եւ մահացել ավելի քան 6 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում արձանագրվել են ախտահարման ավելի քան 990 հազար նոր դեպք եւ 26 000-ից ավելի մահվան դեպք:
Հարավարեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 612 հազար վարակված, մահացել է 11 հազարից ավելի մարդ:
ԱՀԿ-ի տեղեկագրով՝ կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող Դելտա շտամը, ինչպես սպասվում է, արագորեն կգերազանցի մյուս տարբերակները եւ գերակշռող կդառնա առաջիկա ամիսներին: Ըստ կանխատեսումների՝ Եվրոպայում օգոստոսի վերջին կորոնավիրուսով հիվանդացածների 90 %-ը վարակված կլինի Դելտա շտամով:
Մասնագետներն ու լրատվամիջոցները վիճահարույց են համարում հուլիսի 19-ից հակահամաճարակային սահմանափակումները վերացնելու՝ Միացյալ Թագավորության որոշումը: ԱՀԿ-ն եւս դա հապճեպ որոշում է համարում, քանի որ աշխարհում եւ Մեծ Բրիտանիայում վարակակիրների թիվն աճում է:
Խաղերն՝ առանց հանդիսատեսի
Ճապոնիան Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի շաբաթ առաջ լրացուցիչ սահմանափակումներ կկիրառի կորոնավիրուսի դեմ, հնարավոր է՝ Տոկիոյում արտակարգ դրություն մտցվի: Հուլիսի 8-9-ը օլիմպիադայի կազմակերպիչները հանդիպում կանցկացնեն` հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը տեղի ունենալիք օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար: