Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի դիվանագետները Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում «Աստանայի ձեւաչափով» տեղի ունեցած 16-րդ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ երեք երկրները կշարունակեն համագործակցությունը՝ Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական կառույցների վերջնական չեզոքացման նպատակով:
«Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա», «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունների, «Ալ-Ղաիդա»-ի եւ «Իսլամական պետության» հետ առնչություններ ունեցող ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ կառույցների, անձանց եւ կազմակերպությունների վերջնական վնասազերծման ուղղությամբ»,- նշված է հանդիպման ավարտին հրապարակված եռակողմ հայտարարության մեջ։