Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Տաջիկստանի դեմ հարձակման դեպքում ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը կկատարեն իրենց պարտավորություններն այդ երկրի հանդեպ։
Սերգեյ Լավրովը նշել է, որ կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչներն արդեն իսկ այցելել են տաջիկա-աֆղանական սահմանագիծ, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծված կացությունը։
«Մենք մեր պարտավորությունները կատարելու ենք։ Դրա հետ մեկտեղ վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է զորքեր մտցնելու Աֆղանստան։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը՝ բացառելով Աֆղանստանում ռուսական զորախմբի տեղակայման հնարավորությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Քաբուլի հետ չի քննարկում Աֆղանստանի տարածք ռուսական զորքեր մտցնելու խնդիրը։