Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին:
Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի նախորդ տարվա ամառվա համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպմանը Թուրքիայի հետ ունեցած խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:
«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուն, եւ դա երկու երկրների շահերից է բխում: Բայց եթե Թուրքիան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, պատասխան կստանա, դա կունենա իր հետեւանքները: Հունաստանը թույլ չի տա, որ միգրանտների խնդիրը զենքի վերածվի, եւ կրկնվեն 2020-ի մարտի դեպքերը»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր հիշեցրել է, որ ԵՄ հանձնաժողովը լրացուցիչ միջոցներ կհատկացնի Թուրքիային՝ սիրիացիներին ապաստան տրամադրելու համար:
2020-ի մարտի սկզբին թուրք-հունական սահմանը հատած եւ Եվրամիության տարածքում հայտնվել ցանկացող միգրանտների թիվը, ըստ Հունաստանի իշխանությունների, կազմում էր 32 հազար: Մինչդեռ պաշտոնական Անկարան պնդում էր, որ այդ թիվը չորս անգամ մեծ է:
Ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիության սահմաններ սկիզբ էր առել, երբ թուրքական կառավարությունը հայտարարել էր, թե բացում է երկրի արեւմտյան սահմանները` այլեւս չխոչընդոտելով այն հատելու փորձերը:
Սիրիացի փախստականները Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ սահմանը հատեցին 2020-ի փետրվարի վերջին՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրացման հետեւանքով: Հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ էր կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, փախստականներն էլ քարեր էին նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք:
ԵՄ-ն հայտարարել էր, որ Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ չորս տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց դիմաց Անկարան ստացել է ավելի քան 6 միլիարդ եվրո օգնություն՝ փախստականների կարիքների բավարարման համար։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Թուրքիան իզուր է հույս փայփայում, որ եվրոպական սահմանները բաց են: Նա հավելել էր, որ ԵՄ-ն պաշտպանում է իր սահմանները, միեւնույն ժամանակ հարգում մարդու իրավունքները:
Թուրքիան պնդել է, որ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծելու երկրի հարավում: Էրդողանը դեռ նախորդ տարվա մարտին սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը:
Միգրանտների հարցից բացի՝ Անկարայի եւ Աթենքի միջեւ հիմնական վեճերը ժամանակ առ ժամանակ սրվում են Կրետե կղզու եւ Կիպրոսի միջեւ ընկած ծովային տարածքների պատկանելության շուրջ։ Անցյալ տարվա օգոստոսին Միջերկրական ծովի արեւելյան հատվածում լարվածությունը Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ շարունակում էր աճել։
Մի քանի տարի առաջ գազի մեծ պաշարներ հայտնաբերված այդ վայրում արդյունահանման իրավունքը վիճարկում են մի կողմից Հունաստանն ու Կիպրոսը, մյուս կողմից՝ Թուրքիան։ Նախորդ տարվա ամռանը երկու կողմերը հետեւողականորեն մեծացնում էին իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում։
Թուրքիան Միջերկրականի այս շրջան էր ուղարկել երկրաբանական եւ սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis հետազոտական նավը՝ մոտ մեկ տասնյակ ռազմանավերի ուղեկցությամբ։
Հունաստանն ու Կիպրոսը դրան ի պատասխան Ֆրանսիայի հետ համատեղ ծովային զորախաղեր էին կազմակերպել։ Հունաստանը միաժամանակ մեծացնում է իր ռազմական ներկայությունը թուրքական ափի անմիջական հարեւանությամբ գտնվող կղզիներում։