«Թալիբան» շարժման պատվիրակության անդամները Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ թալիբները Աֆղանստանի տարածքը չեն օգտագործելու այլ երկրների վրա հարձակում գործելու համար։
Աֆղանստանում առճակատում է սկսվել կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական վայրերում եւ նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ:
Հանդիպման ժամանակ Իսլամական էմիրության (թալիբների կառավարման համակարգի պաշտոնական անվանումը) պատվիրակությունը կրկնել է իր դիրքորոշումը, որ աֆղանական հողը չի օգտագործվի որեւէ մեկի դեմ:
«Թալիբանի» պատվիրակությունը վստահեցրել է, որ իրենք շահագրգռված են Աֆղանստանում կայուն խաղաղության հասնելու հարցում՝ հավելելով, որ հարեւան երկրների հետ սահմանային անցումները կգործեն սովորական ռեժիմով։
Մոսկովյան երկօրյա այցի ժամանակ պատվիրակությունը գլխավորել է Քաթարում շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարներից մեկը` Աֆղանստանի քաղաքացիների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Շահաբուդին Դելավարը։
Հիշեցնենք, որ աֆղանցի սահմանապահներն իրենց սահմանային անցակետը թալիբներին են հանձնել առանց մարտի։ Հայտնի է, որ Տաջիկստանի տարածք է հասցրել անցնել Աֆղանստանի զինված ուժերի 312 զինծառայող։
Պաշտոնական Դուշանբեն ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օգնել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմակայելուն եւ համատեղ ջանքերով ամրապնդելու հարավային սահմանները։