Երկրաբանության ԳՀԻ գիտական քարտուղար, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Շահինյանը հայտարարել է, որ Հայաստանում ջրային ռեսուրսները ճիշտ չեն օգտագործվում, եւ դրա հետեւանքով երկիրը մեծ վնասներ է կրելու։
Գիտնականը նշել է, որ ՀՀ-ն տարիներ առաջ ուներ բնակավայրեր, որ խմելու ջրի հետ կապված բացարձակ խնդիր չունեին, իսկ հիմա ամբողջ օրվա ընթացքում 2-3 ժամ են ջուր ունենում։
Բախտին չապավինել
«Եթե այսպես շարունակվի, կանգնելու ենք մեծ խնդիրների առաջ։ Կգա ժամանակ, որ մենք նույնիսկ պոմպերով շատ հատվածներից ջուր վերցնել չենք կարողանա։ Մեր ջրային պաշարները ձեւավորվում են տարիների ընթացքում, եւ այդ պաշարները օգտագործել մեծ քանակությամբ՝ նախքան դրանց լրացվելը, նշանակում է հույսը դնել բախտի վրա»,- ահազանգել է Հրաչյա Շահինյանը։
Կաթիլային ոռոգումը թանկ հաճույք է
ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԳԱԱ երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը եւս նշել է, որ կաթիլային ոռոգումը, որը բավականին տարածվել է Հայաստանում եւ թանկ հաճույք է, տեղին չի օգտագործվում։
«Ամեն բույս չէ, որ կարելի է կաթիլային ոռոգմամբ մշակել։ Կախված բույսերի արմատային կառուցվածքից՝ յուրաքանչյուրը որոշակի ջուր է պահանջում, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ»,- ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ասել է Շահազիզյանը՝ շեշտելով, որ երբեմն կաթիլային ոռոգման վրա ոչ միայն անիմաստ գումար, այլեւ անիմաստ շատ ջուր է վատնվում։
Կուտակել շատ ջուր
Բանախոսներն ընդգծել են, որ Հայաստանը ջրամբարների միջոցով հնարավորին չափ շատ ջուր պետք է կուտակի՝ ջրային պաշարների խնդիրը լուծելու համար։
ՀՀ վարչապետի ժ/պ Փաշինյանը ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների քննարկման ընթացքում նշել էր, թե Հայաստանի գլոբալ ռազմավարությունը պետք է լինեն նոր տեխնոլոգիաների կիրառումն ու կաթիլային ոռոգման խթանումը։