Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Հայիթիի քվեարկության եւ միջկուսակցական հարաբերությունների գծով նախարար Մաթիաս Պիեռը հայտարարել է, որ հուլիսի 7-ի գիշերը երկրի նախագահ Ժովենել Մոիզին սպանածները դրսի վարձկաններ են: Լավ զինված 28 հատուկ ջոկատայիններից 26-ը կոլումբացի են, 2-ը՝ Հայիթիի ամերիկացիներ։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը չի հաստատել երկու ձերբակալվածների Միացյալ Նահանգների քաղաքացի լինելու հանգամանքը։
Կոլումբիայի պաշտպանության նախարարն ասել է, թե ըստ նախնական տեղեկությունների՝ Հայիթիում ձերբակալված զինված խմբի անդամները կոլումբիացի պաշտոնաթող զինվորականներ են։
Ավելի վաղ Հայիթիի ազգային ոստիկանության ղեկավարը հայտնել էր նախագահի սպանության գործով վեց կասկածյալների ձերբակալության մասին: Եվս երեք ենթադրյալ վարձու մարդասպաններ ոչնչացվել էին ոստիկանական գործողությունների ընթացքում, 8 մարդ փախուստի մեջ է:
Նախագահ Ժովենել Մոիզի սպանության հնարավոր պատվիրատուների ու կազմակերպիչների գործով քննությունը շարունակվում է։
Մաթիաս Պիեռը հայտնել է նաեւ, որ Հայիթիի նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան նախատեսված ժամկետում՝ այս տարվա սեպտեմբերի 26-ին: