Տարածաշրջանային այցով Թբիլիսիից եւ Բաքվից հետո Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել է, որ Եվրամիությունը 9-10 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն կտրամադրի հակամարտությունից տուժածներին՝ վերահաստատելով, որ ԵՄ-ն պատրաստ է շատ ակտիվ դեր ստանձնելու՝ մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու համար։
Վարհեին նշել է, որ ԵՄ-ն 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն եւ աշխատատեղերի ավելացմանը: Իսկ ընդհանուր առմամբ, ԵՄ-ն այս ծրագրի ներքո կարող է 2,6 միլիարդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար:
Պետք է լրջորեն աշխատել
Հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան իր այցի նպատակը հետքովիդային ճգնաժամը հաղթահարելուն միտված տնտեսական եւ ֆինանսական ներդրումների այն մեծ փաթեթն է, որն իր հետ բերել է որպես նվեր հյուրընկալող հայկական կողմին: Նա նշել է, որ ծրագիրը լրջագույն հնարավորությունն է ստեղծում Հայաստանի համար, եւ պետք է լրջորեն աշխատել, որ այն իրականություն դառնա 4 տարվա ընթացքում:
«Մենք պատրաստ ենք օպերատիվ կերպով շատ մեծ ներդրում անելու Հայաստանի տնտեսության վերականգնման համար՝ Արեւելյան գործընկերության ամբողջ տարածաշրջանի հետ միասին։ Ցանկանում ենք ստեղծել առեւտրային ուղիներ եւ կապակցվածություն եվրոպական շուկաների, եվրոպական տնտեսության հետ:
Դրա միջոցով այս տարածաշրջանը կարող ենք շատ արագ մոտեցնել Եվրամիությանը։ Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 միլիարդ եվրոյի դրամաշնորհ ամբողջ տարածաշրջանի համար, եւ ծրագրով մեր գործընկերների հետ հնարավոր է համախմբել առնվազն 17 միլիարդ եվրոյի ներդրում»,- ընդգծել է հանձնակատարը:
Վարհեին նշել է, որ Հայաստանի համար առաջարկում են 5 առաջնահերթ հատուկ ծրագրեր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկություններին։