Եվրախորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության վրա կիրառվող ճնշումները քննադատող բանաձեւ է ընդունել:
603 կողմ, 2 դեմ եւ 67 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունված որոշումը հեղինակել են «Քրիստոնեադեմոկրատական», «Սոցիալ-դեմոկրատական», «Լիբերալ», «Կանաչների» եւ «Ձախերի» կուսակցությունները:
Եվրախորհրդարանը բանաձեւում մտահոգիչ է բնութագրել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների նկատմամբ կիրառվող ահագնացող ճնշումները: Շեշտվել է, որ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ճնշումները Թուրքիայում սահմանափակում են քաղաքական կուսակցությունների իրավունքների իրացումն ու ժողովրդավարության ամրապնդման մեջ նրանց ունեցած դերը:
Բանաձեւում նշվել է, որ այս ճնշումները ոտնահարում են երկրում մարդու իրավունքները եւ իրավական պետության ոչնչացման սպառնալիք են:
Բանաձեւի մեջ հատուկ անդրադարձ է արվել քրդամետ ԺԴԿ-ի գործունեությունը կասեցնելու նպատակով սահմանադրական դատարանում ծավալվող գործընթացներին:
Ընդգծվել է, որ տվյալ կուսակցության շուրջ 4000 անդամ արդեն իսկ բանտարկված է: ԺԴԿ-ի հնարավոր փակման վերաբերյալ նշվել է, որ այդ քայլը քաղաքական լուրջ սխալ կլինի, լրջորեն կհարվածի բազմազանության եւ ժողովրդավարության սկզբունքներին, ինչպես նաեւ դրա հետեւանքով Թուրքիայում միլիոնավոր ընտրողներ չեն ունենա իրենց ներկայացուցիչը:
Եվրախորհրդարանը Թուրքիային հորդորել է բազմակարծության եւ ժողովրդավարական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան օրինական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովել բոլոր կուսակցությունների համար:
Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձեւը, որտեղ ասվում էր, որ Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների, հատկապես քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) վրա կիրառվում են ճնշումներ։
«Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստում ընդունված փաստաթուղթը Եվրախորհրդարանի կանխակալ մոտեցման հերթական օրինակն է: Բանաձեւի բովանդակությունը չի արտացոլում իրականությունը»,– ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ թեեւ ԵՄ-ում ահաբեկչության դատապարտումից հրաժարվելը քաղաքական կուսակցության փակման ընդունելի պատճառ է համարվում, այդուհանդերձ Բրյուսելը կանխակալ մոտեցում է ցուցաբերել ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապերում մեղադրվող հիշյալ քաղաքական կուսակցության դեմ դատավարությանը։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նախազգուշացրել է, որ այդ բանաձեւը չի նպաստի Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունների զարգացմանը, այլ ավելի շուտ ձեռնտու կլինի նրանց, ովքեր ցանկանում են փակուղի մտցնել այդ հարաբերությունները:
Թուրքիայի ԱԳՆ-ն պնդել է, որ Եվրոպական խորհրդարանը նման որոշումների պատճառով կորցրել է վստահությունը ու զոհաբերել եվրոպական արժեքները: